Աստված հավատարիմ է, հավատքով Նրան մատուցված ոչ մեկ բան Նա երբեք չի արհամարում և չի անտեսում, այս մասին գրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։
Սրբազանի խոսքով՝ օրհնեալ ժամանակին Աստված մեր կյանքի թելերից կհյուսի մի այնպիսի գեղեցկություն, որը հիմա չենք կարող տեսնել և չենք էլ կարող անգամ պատկերացնել։
«Անցյալ շաբաթ այցելեցի Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարան՝ տեսնելու «Մոր ձեռքերը» անունով հուշարձան-խաչքարը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին։
Երբ ձեռքս մեկնեցի և հպվեցի խաչի վերևում պատկերված բրոնզե ձեռքերին, որոնք ասեղնագործ ժանյակ են գործում, անմիջապես մտաբերեցի Եվա տատիկիս, որը Հայոց ցեղասպանությունը վերապրողների ընտանիքից էր։ Հիշեցի նրա հաստատուն, համբերատար ձեռքերը, որոնք ասեղնագործ ժանյակ էին պատրաստում, և թե ինչպես, երբ պատանի էի, նա ինձ էլ ասեղնագործություն սովորեցնում։
Ասեղնագործությունը նուրբ աշխատանք է։ Այն պահանջում է համբերություն, ուշադրություն և խնամք։ Ասեղնագործ ժանյակը չի պատրաստում մեկ շարժումով, այլ՝ հանգույց առ հանգույց, օղակ առ օղակ, թել առ թել։ Երբեմն պատրաստելիս հազիվ եք տեսնում նախշը։ Այն շատ փոքր է թվում, երբեմն էլ՝ կրկնվող, կամ էլ գրեթե աննկատ։ Եվ այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում սկսում է ի հայտ գալ գեղեցիկ նախշերի շարքը։
Մեր կյանքում էլ, հաճախ Աստված այդպես է գործում։
Ուզում ենք, որ Աստված ամեն ինչ միանգամից կատարի։ Ուզում ենք, որ մեկ աղոթքով, մեկ պատասխանով, մեկ հրաշքով ամբողջ պատկերն ամբողջական լինի։ Բայց շատ դեպքերում Աստված գործում է հանգույց առ հանգույց։ Նա գործում է հավատարմության փոքր գործերի միջոցով։ Նա գործում է այն օրերին, երբ դուք չեք հանձնվում և պարզապես շարունակում եք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ընթանալ։ Ահա թե ինչու է Սուրբ Պողոսն ասում. «Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կքաղենք պտուղը» (Գաղատացիներ 6.9)։
Միգուցե դուք հիմա կյանքի այդ ժամանակահատվածում եք ապրում։ Աղոթում եք, ծառայում, համբերում և հավատարիմ եք մնում, բայց ընդհանուր պատկերը դեռևս պարզ չէ։ Այնուամենայնիվ, մի՛ հուսահատվեք։ Աստված հավատարիմ է։ Հավատքով Նրան մատուցված ոչ մեկ բան Նա երբեք չի արհամարում և չի անտեսում։
«Մոր ձեռքերը» հուշարձանի արձանագրության մեջ ասվում է. «Հանգույց առ հանգույց, նրա ձեռքերը հյուսում են իր ժողովրդի պատմությունը»։ Մեր ժողովրդի պատմությունը, հույսերն ու երազանքները իսկապես հյուսվել են՝ հանգույց առ հանգույց մեր տատիների ու պապիների կողմից, մեր նահատակ նախնիների կողմից։ Ցավին հակառակ նրանց հավատքը ամուր է մնացել, կորստին հակառակ նրանց հույսը՝ գոյատևել։
Սիրելիներ, դժվարությունների կամ նեղությունների մեջ մեր նախնյաց նման վստահենք Աստծուն և Նրա ամենախնամ ձեռքերի մեջ դնենք մեր կյանքի հաջորդ հանգույցը, հաջորդ աղոթքը, հավատքի հաջորդ գործը, հաջորդ օրը, մեր հաջորդ քայլը։ Եվ վստահ լինենք, որ Իր օրհնեալ ժամանակին Աստված մեր կյանքի թելերից կհյուսի մի այնպիսի գեղեցկություն, որը հիմա չենք կարող տեսնել և չենք էլ կարող անգամ պատկերացնել»,- գրել է Սրբազան Հայրը։