Ադրբեջանառուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները հետևել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս կազմող Հորադիզ-Աղբենդ ճանապարհի և երկաթուղու շինարարության ընթացքին։
Մասնավորապես՝ պատվիրակությունը այցելել է Աղբենդ գյուղում գտնվող Արաքս գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Աղբենդի կամուրջն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կշահագործվի։ «Ներկայում երկու կողմերում էլ ընթանում է սահմանային անցակետի շինարարություն, որը նույնպես շուտով կշահագործվի»,- ասել է նա։
Իր հերթին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ նոր կամուրջը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքների մաս է կազմում։
«Ռուսաստանը շահագրգռված է այս ենթակառուցվածքի արագ գործարկմամբ»,-վստահեցրել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ այս երթուղին հարմար կլինի Ռուսաստանից Իրան, Նախիջևան և Թուրքիա բեռներ տեղափոխելու համար և օգուտ կբերի այն օգտագործող բոլոր երկրներին։