«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի դիմաց հավաքված անհետ կորածների ծնողներն ու հարազատներն օրեր շարունակ անցկացնում են խաղաղ բողոքի ակցիա՝ պահանջելով 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի արդյունքների հրապարակումը: Սակայն, այն ընդհատվեց միջադեպով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ակցիայի մասնակիցներից մի քանիսի միջեւ: Միջադեպի մասնակիցներից էր նաեւ իր քաղակտիվությամբ եւ սոցցանցում ուղիղ եթերներներով հանդես եկող Միքայել Մարգարյանը, որը մասնագիտությամբ երաժիշտ է, «Հայ Տղեք» խմբից հայտնի Հայկոյի՝ Հայկ Մարգարյանի եղբայրն է եւ բազմազավակ հայր:
Միջադեպից հետո, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2 անձ բերման ենթարկվեցին, որից մեկը հենց Միքայելն էր՝ առավել ճանաչված որպես Միկա: Հասկանալու համար, թե իրականում ինչ է եղել, հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դեմիրճյան փողոցում հանդիպում է ակցիայի մասնակից ծնողներին, ոմանց հետ զրուցում եւ շարունակում իր թիկնազորով ճանապարհը: Երբ Միկան մոտենում է Սիմոնյանին, վերջինս չի ցանկանում անգամ լսել նրա հարցը՝ ասելով, թե նրան «լսելու չունի»: Դրանից հետո Միկան գոռալով ասում է, թե՝ «թռար, արա՛»: Վերջին խոսեքրից զայրացած Սիմոնյանը պատասխանում է. «Արան պապադ է»: Վեճը թեժանում է՝ համեմվելով փողոցային հայհոյանքներով:
Արդեն երեկոյան Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակում, որտեղ փորձում է տալ եղածին բացատրություն եւ իր խոսքում նշում, որ Միկայի եւ իր երեխաները սովորում են նույն դպրոցում: Ըստ Սիմոնյանի, Միկան կրկին փորձ է կատարել հենց դպրոցում՝ երեխայի հանդեսի ժամանակ եւս սադրել Սիմոնյանին, ինչ-որ տեսանյութ նկարելով:
«Իրավունք»-ին մոտ կանգնած աղբյուրներին համաձայն, Միքայել Մարգարյանը իրականում սադրելու մեծ վարպետ է եւ կարողանում է իր գոռոցներով անգամ ամենահավասարակշռված մարդուն հանել հունից: Կա անգամ վարկած, թե սադրանքը հատուկ հրահրվեց, որպեսզի դրանով ջրվի ծնողների տեւական ժամանակ իրականացվող ակցիաները, ինչի շարունակականությունը խուսափում է իշխանությունը: