Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ «արյունարբու ցանցը» շարունակում է հարձակվել Իրանի և Լիբանանի դպրոցների ու հիվանդանոցների վրա, ինչպես դա անում էր Գազայում, հայտնում է Anadolu-ն:
«Արյունարբու ցանցը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի և Լիբանանի դպրոցներին ու հիվանդանոցներին, ինչպես դա անում էր Գազայում»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում մարտի 14-ին տեղի ունեցած Բժշկի օրվան նվիրված իֆթարի ժամանակ: Խոսելով տարածաշրջանում լարվածության սրման մասին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք «հանդես են գալիս հանուն բանականության, երկխոսության և դիվանագիտության»։
«Չնայած այս խենթությանը՝ Թուրքիան այն առաջատար երկրներից է, որոնք պաշտպանում են մարդկությունը, սատարում բանականությունը և ճգնաժամերի լուծումներ փնտրում երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- ասել է նա:
Անդրադառնալով Գազայի հակամարտության հումանիտար հետևանքներին՝ Էրդողանն ասել է, որ «աշխարհն ականատես եղավ տեսարանների, երբ մարդկային կյանքն անտեսվում է, իսկ խաղաղ բնակիչները, այդ թվում՝ ինկուբատորներում գտնվող նորածիններն ու ժպիտով դպրոց ճանապարհվող երեխաները, զոհվում են պայթյունների հետևանքով»։
Նա նշել է, որ Գազայի պատերազմի ժամանակ հարձակման են ենթարկվել նաև բժիշկները, բուժքույրերը և բժշկական ոլորտի այլ աշխատակիցներ, և Իսրայելի «պետական ահաբեկչության» հետևանքով սպանվել է գրեթե 1700 բուժաշխատող։