«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։ Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման բան հայտարարեց` առաջարկելով լրագրողներին «մարժ գալ», որ իրենք 26-ին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 21-ին են ստացել: Եվ սա հենց Փաշինյանի գաղափարն է, որը շուտով ՔՊ-ական խմբակը կսկսի լայնորեն կիրառել: Սրանով մի բանի են ուզում հասնել` մարդիկ մտածեն, որ, միեւնույն է, ՔՊ-ն արդեն հաղթել է, ի՞նչ իմաստ ունի գնալ ընտրության, քվեարկել եւ հետո հուսախաբ լինել: Գաղտնիք չէ, որ ընտրողների ցածր մասնակցությունից միայն ՔՊ-ն է շահելու: Նրա էլեկտորատը, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս, ու փոքր մասնակցության դեպքում իրենք մեծամասնություն կկազմեն։