«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։
Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։
Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։
Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։
Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»։