Ադրբեջանում քաղբանտարկյալների մի խումբ դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով ուժեղացնել ճնշումը երկրի ղեկավարության վրա՝ մարդու իրավունքների հարգանքն ապահովելու համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաեյենին ուղղված բաց նամակում հեղինակները մեղադրել են Բաքվի իշխանություններին դատական համակարգին միջամտելու մեջ՝ քննադատներին պատժելու համար։
«Մենք խորապես հիասթափված ենք, որ Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձևերը մնում են միայն թղթի վրա, և որ Եվրոպական հանձնաժողովը չի կարողանում օգտագործել իր լիազորությունները երկրում քաղբանտարկյալների հարցը լուծելու համար»,- նշված է նամակում։
Նամակում նշվում է, որ մինչ Բաքուն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Բրյուսելի հետ, երկրի ներսում իշխանությունները ճնշում են գործադրում քննադատող լրագրողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ընդդիմության վրա։
Ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի կինը՝ Սամարա Սեիդովան, որը մի քանի ամիս կալանքի տակ է, DPA լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկրում խոսքի ազատությունը բացակայում է։ «Նույնիսկ սոցիալական ցանցերում քննադատական մեկնաբանությունները կարող են հանգեցնել 20 կամ 30 օրվա բանտարկության»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում ներկայում պահվում է մոտ 340 քաղբանտարկյալ, որոնց թվում՝ 24 լրագրող։