«Իրավունք» թերթը գրում է. «Ավստրիական Kathpressը գրել է, որ այսօրվանից Ավստրիայի սուրբ Պյոլթենում մեկնարկում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցելու են մոտ 30 եպիսկոպոս, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ այլ եպիսկոպոսներ կմասնակցեն առցանց:
Անդրադառնալով ժողովի ձեւաչափին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն ընդգծում է՝ մասնակցության հիմնական եւ նախընտրելի ձեւը ի մի հավաքվելն է, սակայն ինչպես համաքրիստոնեական, այնպեսեւ հայոց եկեղեցական ավանդույթում ընդունված է եղել նաեւ հեռակա մասնակցությունը կամ համակցված ձեւաչափը։
–Այս երեւույթը հիմնավորված է թե՛ վաղ Եկեղեցու փորձառությամբ, թե՛ հետագա դարերի ավանդույթներով։
Առաքելական շրջանից ի վեր եկեղեցական հեղինակավոր գործիչներն իրենց դիրքորոշումները փոխանցել են նամակագրությամբ՝ գտնվելով բանտում, աքսորում կամ հարկադիր մեկուսացման պայմաններում։
Նման գրավոր վկայությունները գործնականում ունեցել են ժողովական ձայնի եւ իրավական դիրքորոշման արժեք»։