Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան:
Տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն և նախատոնակ:
Ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմից Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: