Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է եվրոպացի գործընկերներին ներգրավել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու հարցում՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց գրեթե չորս տարի անց, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։
Նա հանդես է եկել անցյալ շաբաթ Մոսկվա ավագ խորհրդական ուղարկելուց հետո, որը պատերազմի սկսվելուց ի վեր առաջին նման հանդիպումն էր։
«Ի՞նչ եմ ես շահել։ Հաստատումը, որ Ռուսաստանը հենց հիմա խաղաղություն չի ուզում, - ասել է նա մի քանի եվրոպական պարբերականներին, ներառյալ՝ գերմանական Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։ -Սակայն ամենից առաջ մենք վերականգնել ենք քննարկման այդ ուղիները տեխնիկական մակարդակով։ Ես կցանկանայի դրանք հաղորդակից դարձնել իմ եվրոպացի գործընկերներին և օգտագործել լավ կազմակերպված եվրոպական մոտեցում»։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Պուտինի հետ երկխոսությունը պետք է իրականացվի առանց «չափազանց շատ զրուցակիցների՝ կոնկրետ մանդատով»։
«Անկախ նրանից, թե մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ, Ռուսաստանը վաղը դեռ այնտեղ կլինի»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերում Suddeutsche Zeitung-ը։ -Հետևաբար, կարևոր է, որ մենք կազմակերպենք ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը՝ առանց միամտության, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց նաև այնպես, որ այդ քննարկման մեջ երրորդ կողմերից կախված չլինենք»։