00:00:00

Եվրամիությունը դատապարտել է Հորդանանի Արևմտյան ափին վերահսկողությունն ուժեղացնելու Իսրայելի որոշումը

21:23, 09 փետրվար 2026 Աշխարհ

Իսրայելի գործողությունները Արևմտյան ափին սպառնում են խաթարել Մերձավոր Արևելքի կարգավորման միջազգային ջանքերը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսնակ Անվար ալ-Անունին։

 

«Եվրոպական Միությունը դատապարտում է Հորդանանի Արևմտյան ափին վերահսկողությունն ուժեղացնելու Իսրայելի Անվտանգության խորհրդի վերջին որոշումը։ Դա ևս մեկ քայլ է սխալ ուղղությամբ, այն նույն ժամանակ, երբ միջազգային հանրությունն ակտիվորեն աշխատում է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ»,- ասել է նա։

 

Ըստ նրա՝ նման գործողությունները լիովին հակասում են Իսրայելի ստորագրած Օսլոյի համաձայնագրերին, և դրանք կարող են խաթարել Իսրայելի և Պաղեստինի ազգային ինքնավարության միջև Հեբրոնի արձանագրությունը, ինչպես նաև խաթարել ստատուս քվոն, որը հատկապես կարևոր է կրոնական վայրերի համար։

«Եվրամիությունն ունի պատմական դիրքորոշում. մենք չենք ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունն այն տարածքներում, որոնք Իսրայելը բռնազավթել է 1967 թվականի հունիսից ի վեր՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Ըստ միջազգային իրավունքի՝ բռնակցումն անօրինական է, և նման նպատակով ձեռնարկված ցանկացած գործողություն համարվում է միջազգային իրավունքի խախտում»,- հավելել է Ալ-Անունին։

Նա շեշտել է, որ Եվրամիությունը վաղուց ուշադիր հետևում է Հորդանանի Արևմտյան ափում տիրող իրավիճակին: Արևմտյան ափում Իսրայելի գործողությունների հետևանքները խաթարում են երկու պետությունների լուծման կենսունակությունը։

«Այդ համատեքստում վերահաստատում ենք մեր հստակ հանձնառությունը կայուն խաղաղությանը՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի: Երկու պետությունների լուծումը կարևոր է, և մենք պետք է համագործակցենք և՛ Իսրայել պետության, և՛ անկախ պաղեստինյան պետության հետ, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան ապրել խաղաղության մեջ,- նշել է Ալ-Անունին: -Պաղեստինյան պետության ճանաչումը իրավիճակի կարգավորման բանալիներից մեկն է, և երկու պետությունների լուծումից բացի այլ լուծում չկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր