00:00:00

Ռուսական ֆուտբոլի լեգենդները՝ Հայաստանում. Արարատ 73 ֆիլմի պրեմերիան ու հայտնի հյուրերը

18:10, 06 փետրվար 2026 Տեսանյութեր

Ռուսաստանն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը սպորտի ոլորտում, ինչի շրջանակներում էլ փետրվարի 3-ից 6-ը «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի և Երևանի Ռուսական տան աջակցությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը մեր երկիր։ Այն նվիրված էր սպորտի ոլորտում հայ ռուսական համագործակցության զարգացմանն ու ֆուտբոլի հանրահռչակմանը որպես հումանիտար երկխոսության արդյունավետ գործիք։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված էին Ռուսաստանի ֆուտբոլային միության դեսպաններ և ռուսական ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, Ֆեֆիլով Պավլովիչը ինչպես նաև ՌՖՄ-ի և Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ։ Աշխատանքային մի շարք հանդիպումներ են կայացել, այդ թվում՝ Հայաստանի սպորտի ոլորտի պատասխանատուների հետ, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտային քաղաքականության վարչության ղեկավարի, ինչպես նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Այցի շրջանակում անցկացվել է ֆուտբոլային փառատոն, որի ընթացքում ռուս ֆուտբոլիստները վարպետության դասեր են անցկացրել  «Արարատ» ակումբի ակադեմիայի սաների համար։ Ծրագրի հիմնական  իրադարձություններից մեկն էլ  Երևանի Ռուսական տանը կազմակերպված մամուլի ասուլիսն էր, որը նվիրված էր միջազգային սպորտային երկխոսության զարգացմանը։ «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան կարևորել է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության և Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը Հայաստան վառ օրինակ է, թե ինչպես կարող է սպորտը դառնալ ժողովրդական դիվանագիտության արդյունավետ գործիք։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև խորհրդային ֆուտբոլի ամենանշանակալի գավաթներից մեկը՝ բյուրեղյա ԽՍՀՄ գավաթը, որը Երևան էր բերվել «Արարատ 73» ֆիլմի պրեմիերայի առիթով։ Իգոր Չայկանի խոսքով՝ սպորտային համագործակցությունն ունի լուրջ ներուժ երկու երկրների միջև հումանիտար կապերի ամրապնդման համար, հատկապես երիտասարդության հետ աշխատանքի ուղղությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Նիկիտա Սիմոնյանի մասին ֆիլմի պրեմիերան այցին տվել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն։ Բաց մամուլի ասուլիսի ժամանակ ներկաներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները․

Ծրագրի ավարտին կայացավ «Արարատ 73» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է խորհրդային անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով կարևոր դեր է խաղացել Երևանի «Արարատի» և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Ռուսական պատվիրակությունը ևս ներկա էր ֆիլմի պրիմերիային։

Արարատ 73 գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով այս ֆիլմի իրական հերոսների կատարած սխրանքների շնորհիվ մինչև այսօր սերունդներ են դաստիարակվում և այս ֆիլմին մոտեցել են մեծ պատասխանատվությամբ: Ներկաներն էլ  ֆիլմը համարում են հաջողված ու կիսվում տպավորություններով:

Ժամանակակից միջազգային պայմաններում սպորտը շարունակում է մնալ համընդհանուր լեզու, որը նպաստում է վստահության ձևավորմանը և բացում է լրացուցիչ հնարավորություններ երկրների միջև հումանիտար համագործակցության և կառուցողական երկխոսության զարգացման համար։ Հիմքն ամուր դրված է՝ փաստում են միջոցառման կազմակերպիչներն ու ընդգծում երկու երկրների միջև խորացված համագործակցությունը շարունակական է լինելու:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր