00:00:00

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին՝ ամբողջությամբ

23:00, 28 հունվար 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև:


«Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն նախագահ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի տիկի՛ն գլխավոր քարտուղար,

Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Ձերդ գերազանցությոգններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք սկսել` ջերմ շնորհավորանքներ հղելով Ձեզ, նախագահ Բայր, այս պատվավոր մարմնի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում։ Նաև կցանկանայի Ձեզ իմ երախտագիտությունն արտահայտել՝ այս հարգված եվրոպական ագորայում՝ ժողովրդավարական բանավեճի այս հարթակում ելույթ ունենալու հնարավորության համար։ Եվ, իհարկե, իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ։ Մենք այսօր այստեղ ենք՝ նշելու Հայաստանի արժեքավոր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում և ընդգծելու վերջին տարիների ընթացքում Հայաստանի նշանակալի նվաճումներն իրավունքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում։ Այս հոբելյանը հնարավորություն է տալիս մտորել համատեղ անցած ճանապարհի մասին․ մեր առջև ծառացած մարտահրավերների, համատեղ վճռականության և ջանքերի շնորհիվ հնարավոր դարձած ձեռքբերումների մասին։

Սա նաև հնարավորություն է համատեղ խորհել այսօրվա ընդհանուր մարտահրավերների և անորոշությունների շուրջ, ինչպիսիք են՝

- ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումներն, այդ թվում՝ ապատեղեկատվության չարամիտ տարածումը և տեղեկատվության` որպես զենք օգտագործումը, 

- արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներին, ինչպիսիք են ընտրությունները,

- վերջինը, բայց ոչ պակաս կարևորը՝ միջազգային իրավունքի խաթարումը և բազմակողմ համակարգի քայքայումը։

Այս ամենը փորձության է ենթարկում մեր արժեքներն ու սկզբունքները, և մեր համատեղ պատասխանատվությունն է պաշտպանել վերջիններիս օրեցօր ավելի բարդ ու փխրուն դարձող միջազգային միջավայրում։ Եվրոպայի խորհրդի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության չափանիշներ սահմանողի 75-ամյա ժառանգությունը կազմակերպությանը հնարավորություն է տալիս ընդլայնել իր դերը համաշխարհային ժողովրդավարական հետընթացի դեմ պայքարում և միջազգային ճարտարապետության նկատմամբ վստահության վերականգնմանը նպաստելու գործում։

Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի սնուցման գործում և ՀՀ հասարակության և պետականության հենքում դրանց վերջնական ներդրման համար։ Յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր վավերացված կոնվենցիա, յուրաքանչյուր ինստիտուցիոնալ զարգացում նշանակել է ոչ միայն տեխնիկական փոփոխություն, այլև շոշափելի և գործնական բարելավում սովորական քաղաքացիների կյանքում։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Հայաստանի միանալը ներդրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքն՝ ապահովելով միջավայր, որտեղ քաղաքացիները կարող են արդարադատություն և արդարություն փնտրել, երբ ներպետական ​​իրավական միջոցները բավարար չեն։ Մահապատժի վերացումը երաշխավորեց կյանքի հիմնարար իրավունքն՝ ապահովելով՝ որևէ անձ չի կարող դատապարտվել մահվան։

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը ձևավորեց պետության կողմից թույլ տրված իրավախախտումների մասին ազդարարելու ուղիղ և անկախ մեխանիզմ՝ քաղաքացիներին ընձեռելով իրենց իրավունքների վերականգնման հնարավորություն՝ առանց պարտադիր կերպով երկարատև դատական քաշքշուկների միջով անցնելու։

Վենետիկի հանձնաժողովն իր իրավական եզրակացությունների միջոցով հանդես եկավ որպես յուրօրինակ «հսկիչ»՝ նպաստելով նրան, որ օրենսդրական բարեփոխումները համապատասխանեն միջազգային չափանիշներին։

Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO/ԳՐԵԿՈ) իրականացրեց կանոնավոր մշտադիտարկում և ճնշում՝ թափանցիկ հակակոռուպցիոն օրենսդրության ներդրման և պետական կառավարման համակարգում բարեվարքության խթանման ուղղությամբ։

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վավերացումը հնարավորություն տվեց համայնքներին ավելի մեծ ինքնուրույնությամբ տնօրինել իրենց գործերը՝ կենտրոնական իշխանությունից առավել անկախ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես նշեցի միայն մի քանի հիմնական պատկերավոր օրինակ, բայց, իհարկե, ցանկը կարելի է շարունակել։

Այնուամենայնիվ, եկեք անկեղծ լինենք, և ես իրապես հուսով եմ, որ իմ այս միտքը սխալ չի ընկալվի։ Դրսից պարտադրվող բարեփոխումների այս գործընթացը կարող էր անվերջ շարունակվել՝ այդպես էլ չհասնելով ավարտին և չվերածելով Հայաստանը ժողովրդավարական պետության, քանի դեռ Կառավարության մակարդակում չկար իրական հետաքրքրվածություն։ Այսպիսով, Հայաստանում ժողովուրդը փոխեց Կառավարությունը՝ դառնալով փոփոխությունների և ժողովրդավարության շարժիչ ուժը։

Տիկի՛ն նախագահ,

Խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ դարձավ մեր երկրի ժամանակակից պատմության մեջ։ Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը ճաշակելուց հետո՝ 2018 թվականին, ես ինքս քայլեցի իմ 100 հազարավոր համաքաղաքացիների, քույրերի և եղբայրների կողքին, որոնք լցրեցին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով և այն վառ, անմար հավատով, որ մենք արժանի ենք ավելիին։ Մենք արժանի ենք արդար ու օրինական ընտրությունների, մեր ձայների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքի, բաց, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ պետական ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, բիզնեսների, որոնք գործում են առանց պաշտոնյաներին կաշառք տալու և մրցակցում են առանց արհեստական ​​մենաշնորհների, անկախ և արդյունավետ դատական համակարգի։

Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը։

2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ։ Մեր ձեռքբերումներն արտացոլված են հեղինակավոր կազմակերպությունների՝ «Freedom House»-ի, «Լրագրողներ առանց սահմանների»-ի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի և այլ կառույցների զեկույցներում, ինչպես նաև այս պատվավոր մարմնի զեկույցներում և բանաձևերում։

Ամենակարևորը, Հայաստանը հաջողությամբ անցկացրեց երկու արտահերթ ընտրություններ, որոնք արժանացան ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճանաչման՝ որպես ազատ և արդար, այդ թվում՝ այս հեղինակավոր մարմնի կողմից։ Այս կարևոր փուլերը վկայում են իրական փոփոխության մասին՝ երաշխավորելով, որ քաղաքացիների կամքը ճիշտ արտացոլվի քվեաթերթիկում։

Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար դա կարևորագույն հանգրվան է՝ մեր ժողովրդավարության անշրջելիությունն ամրապնդելու համար։ Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը կրկին կցուցադրի, որ իր կամքն է մեր երկրի միակ իշխանության աղբյուրը։

Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրողությունների նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, որ ազատության թշնամիները չեն քնում։ Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել, նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սխեմաների մեջ, և իրենց ձեռքում ունեն գրեթե անսահման մեդիա ռեսուրսներ։ Նրանք ցանկանում են խափանել խաղաղության և ժողովրդավարության մեր ինքնիշխան ընտրությունը, վերադարձնել մեզ ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր։ Նրանք ձգտում են օգտագործել հենց ժողովրդավարության գործիքները և մեխանիզմները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար։

Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա աշխատանք։ Այստեղ, իհարկե, կա երկընտրանք և նուրբ գիծ՝ մի կողմից խոսքի ազատության և լրատվամիջոցների բազմակարծության պաշտպանության, մյուս կողմից՝ ազատությունը չարաշահող և հասարակության, մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը խաթարող չարամիտ դերակատարներին դիմակայելու վճռականության միջև։ Այս ջանքերն առավել կուժգնանան, քանզի Հայաստանը պատրաստվում է այս տարի խորհրդարանական ընտրությունների:

Բայց ես կանգնած եմ այստեղ, որպեսզի ձեզ ասեմ՝ նրանք չեն հաջողի։

Մեր հասարակությունը ձևավորել է իմունիտետ ստերի նկատմամբ, և մեր վճռականությունը՝ պաշտպանելու դժվարությամբ ձեռք բերված ազատությունները, ավելի ուժեղ է, քան որևէ ստվերային գործողություն։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք ապավինելու ենք հենց ժողովրդավարությանը և դրա տրամադրած մեխանիզմներին, ինչպես ամիսներ առաջ այս մարմնին ուղղված իր ելույթում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք լինելու ենք և՛ զգուշավոր, և՛ վճռական։ Մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և իր Խորհրդարանական վեհաժողովի հետ մենք կապահովենք, որ այս ընտրությունները դառնան մեր ժողովրդավարական դիմակայունության վառ օրինակ:

Հարգելի՛ խորհրդարանականներ,

Չնայած վերջին տարիների ցավալի փորձառություններին, ինչպես նաև պատերազմից բխած հումանիտար հետևանքներին՝ Հայաստանը կատարել է հստակ և գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության՝ ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք հնարավորություն են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։

2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը դարձավ պատմական շրջադարձային պահ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և ԱՄՆ նախագահի վկայությամբ համատեղ Հռչակագրի ստորագրմամբ և վկայությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ միասին մենք նախաստորագրել ենք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներն ամրագրվում են որպես մեր տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության անփոխարինելի հիմքեր։

Հայաստանի համար սա հանդիսավոր խոստում է մեր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ տառապել են հակամարտություններից, և մեր ապագա սերունդներին, որ մենք ընտրելու ենք համագործակցությունն առճակատման փոխարեն, հույսը՝ հուսահատության փոխարեն, և զարգացումը՝ հետընթացի փոխարեն։

Միաժամանակ մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը վճռորոշ նշանակություն ունի հասարակությունների միջև վստահության և հաշտեցման վերականգնման համար՝ հնարավորություն տալով փակել տասնամյակների տառապանքի էջը և հարթել խաղաղ ապագայի ճանապարհը։ Իսկապես, Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների վերջերս ազատ արձակումը հույս է ներշնչում այս առումով։ Ադրբեջանում դեռևս պահվող մնացած 19 հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն, անկասկած, կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։

Խաղաղությունը, ինչպես և ժողովրդավարությունը, չի կարելի ընդունել որպես ինչ-որ ինքնըստինքյան տրված բան. այն պետք է մշտապես խնամել, պաշտպանել և նորոգել՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մենք խորապես գնահատում ենք Եվրոպայի խորհրդի հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և բարձր ենք գնահատում Գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ նախագահի և այս վեհաժողովի անսասան հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ձեր աջակցությունը տևական խաղաղությանը, կարգավորման հումանիտար բաղադրիչին և մարդու իրավունքներին շարունակում է կենսական նշանակություն ունենալ այն ժամանակ, երբ մենք շրջում ենք թշնամանքի տասնամյակների էջը։ Շնորհակալ ենք, որ կանգնած եք մեր կողքին այս պատմական ճանապարհին՝ դեպի կայուն և բարեկեցիկ ապագա։

Միևնույն ժամանակ, Հայաստանը լիովին հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացն, այդ թվում՝ սահմանի լիարժեք բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը, կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։

Վեհաժողովի հարգելի՛ անդամներ,

Անցյալ գարնանը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով մեկնարկեց Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը։ Կառավարության և Ազգային ժողովի աջակցությունն ընդգծում է, որ եվրոպական ինտեգրման մեր ընդհանուր տեսլականը պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ հասարակական ընտրություն, որը բխում է քաղաքացիական նախաձեռնությունից։ Սա արտահայտում է հայ ժողովրդի ժողովրդավարական կամքն՝ ապահովելու մեր ապագան եվրոպական ազգերի ընտանիքում՝ որպես մեր արժեքների և ինքնության իսկական արտացոլում։ Մեկ այլ կարևոր հանգրվան գրանցվեց նախորդ դեկտեմբերին, երբ Բրյուսելում ընդունվեց Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը լրացնում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և մեր գործընկերությունը բարձրացնում է ռազմավարական մակարդակի։

Այս տարվա մայիսին Երևանում մենք կհյուրընկալենք Եվրոպայի պետությունների ղեկավարներին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, որը կարևոր համաեվրոպական հարթակ է` քննարկելու փոխվող մարտահրավերները և գտնելու անհրաժեշտ քայլերը դրանց դիմակայելու համար։

Տիկի՛ն նախագահ,

Հայաստանի ամուր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանը սահմանում են մեր՝ որպես պետության բնութագիրը։

Այսօր մենք վերահաստատում ենք այն ընտրությունը, որը կատարել ենք 25 տարի առաջ։ Անում ենք դա՝ գիտակցելով, որ խաղաղության և ժողովրդավարության մեր ճանապարհը դեռ շատ փորձություններ է ունենալու, որ արտաքին ճնշումները կփորձեն շեղել մեզ, և որ առջևում գտնվող ճանապարհը հեշտ չի լինի։ Բայց մենք նաև գիտենք, որ այս ճանապարհով մենակ չենք գնում։ Սա գիտեն Հայաստանի քաղաքացիները։ Եվրոպայի խորհուրդը և այս Վեհաժողովը կանգնած են մեր կողքին։ Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունն այս գործընկերության, այս համերաշխության և այն համատեղ հավատքի համար, որ մեր ընդհանուր արժեքներն արժանի են պաշտպանության։

Խորհրդանշական է, որ մեր այս քննարկումից անմիջապես հետո Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով մենք Գլխավոր քարտուղարին կհանձնենք ՀՀ պաշտոնական նվերը՝ XII դարում ստեղծված առաջին հայկական օրենքների ժողովածուի՝ «Դատաստանագրքի» ձեռագրային վերարտադրությունը։ Այս գլուխգործոցը հիշեցնում է մեր երկրի՝ արդարության և օրենքի գերակայության նկատմամբ խորապես արմատավորված նվիրվածության մասին։ Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ մեզ այս հատուկ առիթով։

Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր