Ալի Երլիքայայի խոսքով՝ իրավապահ մարմինների միջազգային համագործակցության շրջանակում ձերբակալվել եւ արտահանձնվել են միջազգային եւ ազգային հետախուզման մեջ գտնվող տասնչորս անձինք։ Ձերբակալությունները եւ հետագա արտահանձնումները տեղի են ունեցել Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Խորվաթիայից եւ Չեռնոգորիայից։
Տասներեք անձինք հետախուզվում էին Ինտերպոլի միջոցով՝ «կարմիր ծանուցագրով», եւս մեկը գտնվում էր ազգային հետախուզման մեջ։
Գործողությունն իրականացվել է Ինտերպոլ-Եվրապոլի ստորաբաժանումների, Թուրքիայի արդարադատության նախարարության եւ համապատասխան իրավապահ մարմինների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների, հետախուզության եւ կիբեռստորաբաժանումների, ինչպես նաեւ տարածաշրջանային ոստիկանության բաժանմունքների հետ համակարգմամբ։
Թուրք նախարարը պարզաբանել է, որ Հայաստանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող անձը՝ կանխամտածված սպանության, կողոպուտի եւ պաշտոնական փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո նա արտահանձնվել է հարցում ներկայացրած պետությանը։
Խորվաթիայում ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբի ենթադրյալ ղեկավարը, որը հետախուզվում էր հանցավոր կազմակերպություն ստեղծելու, գողության, կողոպուտի, հարձակման եւ մի շարք այլ հանցագործությունների մեղադրանքով։ Չեռնոգորիայում ձերբակալվել է խարդախության համար հետախուզվող անձը։
Գերմանիայում ձերբակալվել են երկու անձինք, որոնք միջազգային հետախուզման մեջ էին կանխամտածված սպանության, գողության եւ ապօրինի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքներով։
Ամենամեծ թվով ձերբակալություններ կատարվել են Վրաստանում։ Այնտեղ ձերբակալվել են անձինք, որոնք հետախուզվել են կանխամտածված սպանության, սպանության փորձի, կողոպուտի, կազմակերպված հանցավոր խմբավորումներին մասնակցելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենքի սպառնալիքի, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով։ Բացի այդ, Վրաստանում ձերբակալվել է մեկ անձ, որն ազգային հետախուզման մեջ էր կալանավայրից փախուստի եւ կողոպուտի մեղադրանքներով։
Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ ծանր հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց միջազգային որոնման, կալանավորման եւ արտահանձնման գործում համագործակցությունը կշարունակվի գործող միջազգային իրավական մեխանիզմների շրջանակում։