00:00:00

Բանակը կանգնած է երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում. ՀՀ նախագահի ուղերձը

15:39, 28 հունվար 2026 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։

Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում»։

Նախագահը շեշտել է, որ այսօր մեր զինվորներն ու սպաները բարձր պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են իրենց ծառայությունը՝ պաշտպանելով պետական սահմանները և ապահովելով հանրապետության կայունությունը, և նրանց պատրաստվածությունն ու զգոնությունը մեր անվտանգության կարևոր երաշխիքն են։

«Բանակի զարգացումն ու արդիականացումը՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը և ժամանակակից զինտեխնիկայի ներդրմանը, պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով տարեց տարի նոր բարեփոխումներ իրականացնելով բանակում։

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեր ծառայությունը բարձր գնահատանքի արժանի է։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին և ապահովել խաղաղ ու անվտանգ ապագա մեր երկրի համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, միասնություն և առաջընթաց։

Փառք զինված ուժերին,

Փառք նահատակներին,

Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը», – եզրափակել է նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր