Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ փլուզվել է բնակչի սեփականություն հանդիսացող քարե պարսպի մոտ 10-15 մետր հատված, իսկ մի հատված էլ դարձել է վթարային։
Փլուզման հետևանքով վնասվել են մոտ 700 տնտեսության կողմից օգտագործվող գազախողովակներն ու գազախողովակների հենասյուները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։