ԱՄՆ հետախուզական գործակալությունները եզրակացրել են, որ Ուկրաինան դեկտեմբերի վերջին Նովգորոդի մարզում՝ Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձ չի կատարել հայտնում են The Wall Street Journal-ը և CNN-ը։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Դոնալդ Թրամփն արդեն տեղեկացվել է դրա մասին։
ԱՄՆ նախագահն ինքը նախկինում հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է իրեն տեղեկացրել ենթադրյալ հարձակման մասին, երբ Թրամփը հյուրընկալել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, հայտնում է DW-ն։ Այնուհետև Թրամփը շեշտել է, որ եթե հարձակում տեղի ունենար, այն «շատ վատ կլիներ»։
Ավելի ուշ, հավանաբար հետախուզական զեկույցը ստանալուց հետո, Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում տեղադրել է New York Post-ի հոդվածի հղումը, որը Ռուսաստանի կառավարության կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին տարածված տեղեկությունը կապում է այն փաստի հետ, որ «հենց Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղությանը»։
Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան փորձել է 91 անօդաչու թռչող սարքերով հարձակվել Պուտինի՝ Նովգորոդի մարզի նստավայրի՝ Վալդայ լճի վրա գտնվող Դոլգիե Բորոդիի վրա։ Լավրովը նաև հայտարարել է, որ արդյունքում «Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի», սակայն Մոսկվան մտադիր չի դուրս գալու Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։ Ուկրաինան փորձել է հարձակվել ռազմական թիրախի վրա, որը, ինչպես Պուտինի նստավայրը, Նովգորոդի մարզում է, բայց «ոչ դրա մոտակայքում», հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով հետախուզությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյայի։