«Նոր Ադրբեջան» կուսակցության (YAP) նախագահի ընտրության կարգը փոխվում է, կուսակցության VIII համագումարում դրա կանոնադրության առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է YAP-ի Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը, հաղորդում է APA-ն։
Նիզամի Սաֆարովը նշել է, որ ըստ գործող կանոնադրության՝ կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Այդ ժամկետի ավարտից հետո կուսակցության նախագահը կարող է համագումարի կողմից վերընտրվել։
Սաֆարովը նշել է, որ այդ դրույթը հանվել է։
«Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ YAP-ը՝ որպես կազմակերպված քաղաքական ուժ, առանց լիազորությունների ժամկետի սահմանափակման, մեզ կհասցնի նոր հաջողությունների և հաղթանակների»,- հայտարարել է նա։
Իլհամ Ալիևը 2005 թվականից գլխավորում է Ադրբեջանի իշխող կուսակցությունը։ Ավելի վաղ նա կուսակցությունում ևս ղեկավար պաշտոններ է զբաղեցրել. 1999 թվականին I համագումարում ընտրվել է նախագահի տեղակալ, իսկ 2001 թվականի նոյեմբերի 21-ին անցկացված II համագումարում՝ նախագահի առաջին տեղակալ։
2003 թվականի հոկտեմբերին Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ։ Կուսակցության III համագումարում՝ 2005 թվականի մարտի 26-ին, նա ընտրվել է դրա նախագահ։ Մինչ այդ՝ «Նոր Ադրբեջանի» հիմնադրումից ի վեր՝ 1992 թվականից, կուսակցությունը գլխավորում էր դրա հիմնադիր Հեյդար Ալիևը։