Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։