Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերի 31-ի գիշերը հարվածային անօդաչուներով գրոհել են Օդեսան։ Քաղաքի երկու թաղամասերում վնասվել են չորս բազմահարկ բնակելի շենքեր, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի պետ Սերգեյ Լիսակը։ Ըստ նրա տվյալների՝ վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, որոնցից մեկը յոթ ամսական է։ Հինգ տուժածներ հոսպիտալացվել են։ Մեկ մեծահասակ գտնվում է ծանր վիճակում, մյուսները՝ միջին ծանրության։
Հարված է հասցվել նաև էներգետիկ ենթակառուցվածքին։ «Թշնամու հարձակման պատճառով քաղաքի մի մասում բացակայում է էլեկտրա-, ջրամատակարարումը և ջեռուցումը»,- նշել է Լիսակը։ Նրա խոսքով՝ կրիտիկական ենթակառուցվածքի առանձին օբյեկտներում շարունակվում են վերականգնողական աշխատանքները։ ԴՏԷԿ էներգետիկ ընկերությունում հայտարարել են ռուսական հարվածներից հետո հասցված զգալի վնասի մասին։ «Սարքավորումների մինչև աշխատանքային վիճակի վերականգնելը ժամանակ կպահանջի»,- նշել են ընկերությունում՝ չհստակեցնելով կոնկրետ ժամկետները։ Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ դեկտեմբերին Ռուսաստանը շարքից հանել է տասը ենթակայան Օդեսայի մարզում, իսկ տարեսկզբից ի վեր հարձակվել է տարածաշրջանի 25 էներգետիկ օբյեկտների վրա
Բացի այդ, անցած գիշեր ռուսաստանցի զինվորականները հարվածել են Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքի վրա։ Վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր, վիրավորվել է երկու մարդ, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։ «Թշնամու նպատակը չի փոխվում՝ վախեցնել, մեզ խավարի մեջ ընկղմել, պառակտում սերմանել։ Նույնիսկ Ամանորի նախաշեմին ահաբեկչական երկիրը հարվածներ է հասցնում խաղաղ տներին, բերում է վախ և ավերածություններ»,- նշել է Կալաշնիկը։
Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում ռուսական բանակը Ուկրաինայի վրա հարձակվել է 127 անօդաչու թռչող սարքով, որոնցից 80-ը եղել են Shahed տիպի հարվածային դրոններ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերին հաջողվել է խոցել կամ ճնշել 101 դրոն։ Արձանագրվել է 20 անօդաչուի հարված 11 վայրում։ Անօդաչուները արձակվել են Կուրսկից, Օրյոլից, Բրյանսկից, Միլերովոյից, Պրիմորսկո-Ախտարսկից, ինչպես նաև օկուպացված Ղրիմի Չաուդա հրվանդանից։ Ընդ որում, դեկտեմբերի 31-ի առավոտվա դրությամբ ռուսական անօդաչուների հարձակումը դեռ շարունակվում է։