Այսօր`դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել է նույն վաշտի պարեկ Արմեն Շահբազյանը և կրտսեր պարեկ Դավիթ Դավթյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս․-ն էր։