Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Վաչե Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Անտոն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանը և կրտսեր պարեկ Արայիկ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Յուրա Պապյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։