Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է.
«Խաղաղություն մուրացողների խղճուկ ջղաձգումները
Նոյեմբերի 28-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Շիրակի մարզպետարանում բոլոր աշխատակիցներին տուն են ճանապարհել ինչ-որ գաղտնի հանդիպման պատճառով, ապա Արաբաթ Միրզոյանի «Դուքանը» (ԱԳՆ) ոչինչ չասող մի հայտարարություն տարածեց, որ հանդիպում է եղել Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում:
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների համապատասխան գերատեսչությունների երկրորդ քննարկումը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիում է եղել Կարսի նահանգապետ Իսմայիլ Դեմիրթաշը և չորրորդ կարգի ինչ-որ պաշտոնյաներ, ովքեր հայաստանցի իրենց գործընկերներին փոխանցել են առաջին կարգի պահանջներ։
Մասնավորապես նշել են`
ա) որ իրենց ղեկավարությունը սահմանի բացման հարցը կդիտարկի միայն ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման և ՀՀ Սահմանադրության փոփոխումից հետո
բ) սրանց կողմից աղերսանքին, որ գոնե ինչ-որ համատեղ անհապաղ աշխատանքներ սկսվեն երկաթգծի վերանորոգման ուղղությամբ, նշել են, որ դա տարիների բարդ աշխատանք է և պետք է հասկանալ արդյոք արժի՞ դրա վրա գումար ծախսել։
Ու քանի որ 2026-ի ընտրությունների կեղծ խաղաղության օրակարգի մասով թուրքիան հրաժարվել է որևէ իմիտացիոն աշխատանքների մասնակցելուց, երեկ տեղեկացա, որ Հայաստանի կառավարիչները կրկին անցել են հին ձևին՝ բյուջեյի հաշվին ֆեյք շինարարությանը։
Մասնավորապես, այս պահին Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի վարչական տարածքում որոշել են միակողմանի անցակետ կառուցել, որով կփորձեն համոզել, որ սահմանի բացումը կարճ ժամանակի խնդիր է և դրանով միլիարդների շահույթ է ապահովվելու, Հայաստանի «երջանիկ» հասարակությունը կսկսի ավելի լավ ապրել։
Հիշեցնեմ, նման միակողմանի մաքսային կետ էլ 2025-ին բացվեց Մարգարայում, որը հերոս հարկատուների վրա մի քանի միլիարդ դրամ արժեցավ, բայց արդյունքում այդպես էլ չգործեց, իսկ դիմացի հատվածում թուրքական կողմը ոչ միայն ոչ մի անցակետ չկառուցեց, այլ վերանորոգեց նախկինում գործող զինվորական «Կազառման»»։