ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, մյուս կողմից, ինչպես նշել է նա, ԵՄ անդամ դառնալն է նպատակ։
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, մենք հասկանում ենք որ կա ինչ-որ մի կետ, երբ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, թե երբ հասկանան, որ Հայաստանը համապատասխանում է ԵՄ-ի չափանիշներին, այդ ժամանակ կդիմեն, որ անդամագրվեն ԵՄ-ին։
«Երբ մենք դիմենք, երկու տարբերակ կա՝ կա՛մ մեզ կընդունեն, կա՛մ չեն ընդունի, ընդ որում, կարող է ԵՄ-ն որոշի, որ այլևս չի ուզում ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ հասնենք այդ կետին՝ անկախ նրանից, մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք»,-ընդգծել է նա։
Վարչապետն ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները չի զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։