00:00:00

Հայաստանն ուզենա էլ՝ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան

11:52, 11 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանն ուզենա էլ՝ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից, լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ, որովհետև խաղաղության համաձայնագրի առաջին հոդվածում, որն արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ, ելնելով այն իրողությունից, որ Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը, երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասվում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա՝ տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար որպես արդարացում։ Հետևաբար, երբ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանն ուզենա էլ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Երկրորդ տարբերակը, եթե որոշվում է, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես ասել եմ, որ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռքբերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ պետք է ամենօրյա խնամք տանել, որ արժի գնալ և այդ փոփոխությունը անել»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա, սակայն, խոստովանել է, որ ինքն այսօր չունի լեգիտիմություն, որ Հայաստանի ժողովրդին ասի՝ «եկեք ՀՀ Սահմանադրությունը փոխենք»։

«Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որը հիշատակված է, ի դեպ, խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր Սահմանադրությանը, հետևաբար, ինչո՞ւ փոխենք մեր Սահմանադրությունը, կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը, բա որ դրանից հետո երկրո՞րդ քմահաճույքն ի հայտ եկավ, երրո՞րդ քմահաճույքն ի հայտ եկավ, չորրո՞րդն ու այդպես շարունակ, ի՞նչ ենք անելու»,- նշել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է, թե Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք չի քննարկել ՀՀ Սահմանադրության հարցը։

«Դա մեր ներքին հարցն է։ Մենք անդրադարձ ենք ունեցել նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգին, որն, իմիջիայլոց, մենք որդեգրել ենք դեռ 2018 թվականից՝ ասելով, որ թողնենք այս Սահմանադրությունը, մի հատ հասկանանք՝ խորհրդարանական կառավարման մոդելը լա՞վ է, վա՞տ է, որովհետև 2018 թվականին, երբ ես դարձա վարչապետ, երկու ամիս էր Սահմանադրությունը ուժի մեջ մտել, հոդվածներ կային, որ դեռ նոր պետք է մտնեին ուժի մեջ», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր