Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Իրան-ԵՄ հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ավելի լայն հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։
«Արաղչին դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումները՝ նշելով շարունակական ռազմական ագրեսիան օկուպացված պաղեստինյան տարածքներում և Լիբանանում»,-ասված է իրանական լրատվականի հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային ծրագրին, որտեղ Արաղչին ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը այս հարցում։
Հաղորդվում է, որ զրուցակիցները համաձայնել են Իրանի և եվրոպացի գործընկերների միջև շարունակական հաղորդակցության և խորհրդակցությունների կարևորության հարցում՝ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար։