Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ընկերները, AntiFake.am լրատվական կայքի աշխատակիցները, խմբագրակազմը բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ: Նրանք ԱՄՆ դեսպանատան մոտ հնչեցրեցին Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձն՝ ուղղված ՀՀ ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինին:
AntiFake.am-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանը հարց ուղղեց ԱՄՆ դեսպանին:
«Հարգելի դեսպան Քրիստինա Քվին, այս համատեքստում ես ձեզ հարց եմ ուղղում․ արդյոք նորմալ է, որ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կարող են կալանավորվել փոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության, ընդդիմադիր խոսքի և իրենց քաղաքական հայացքների համար»,-նշեց նա:
AntiFake.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն էլ ասաց, որ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան առաջ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքի ձայնը վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների և այդ համատեքստում միջազգային կառույցների լռության առթիվ։
«Մեր խնդիրն է այսօր այդ ուղերձը առձեռն փոխանցել ԱՄՆ դեսպանին, որպեսզի վաղը, մյուս օրը չկարողանան ասել, որ պարզապես տեղեկացված չեն։ Ուղերձի հետ մեկտեղ մենք ներկայացնելու ենք նաև «Անտիֆեյք» խմբագրության նամակը, որտեղ մանրամասն նկարագրվում է՝ ինչպես է եղել դեպքը, ինչպես են ներխուժել բնակարաններ և խուզարկություններ իրականացրել նաև AntiFake.am-ի խմբագրությունում, ինչ են առգրավել։ Փաստական տվյալները մենք կփոխանցենք իրենց, և արդեն իրենց է մնում որոշել՝ արձագանքում են, թե չեն արձագանքում»,- ասաց նա:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին ԱԱԾ աշխատակիցները բիրտ ուժով ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին: Իրավապահները նրանց տներում խուզարկություններ են արել, այնուհետև նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ ձեռքները ոլորած, գլուխները կախ ձերբակալել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաթաղելյանին: Նրանք կալանավորել են 2 ամսով, նրանց մեղադրանք է առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ իրավապահներին հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նույն օրը իրավապահները խուզարկություն էին իրականացրեել նաև AntiFake.am-ի խմբագրությունում՝ առգրավելով լրատվականի գործունեությունն ապահովող ամբողջ տեխնիկան։