00:00:00

Բաքու մեկնած անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից․ նրանք չունեն ժողովրդական մանդատ․ Սուրեն Սուրենյանց

23:57, 25 նոյեմբեր 2025 Հասարակություն

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Բաքու այցելած մի խումբ «քաղաքացիական» ներկայացուցիչներից մեկը երեկ իրեն թույլ է տվել ծայրահեղ վիրավորական բնորոշումներ՝ պնդելով, թե Հայաստանում, ով դեմ է հայ–ադրբեջանական կամ հայ–թուրքական կարգավորմանը «կամ օտարերկրյա գործակալ է, կամ սրիկա, կամ ապաքաղաքական ապուշ»։

Սա ոչ թե տեսակետ է, այլ՝ կոպիտ և դիտավորյալ մանիպուլյացիա։

Հայաստանում չկա որևէ ուժ, որը դեմ է խաղաղությանը։

Ընդդիմադիր շրջանակները մշտապես շեշտել են, որ չեն մերժում խաղաղության գաղափարը։

Նրանք ընդդիմանում են այն ընթացքին, որը ներկայիս իշխանությունը փորձում է առաջ տանել՝ միակողմանի զիջումների, անվտանգության լուրջ ռիսկերի և պետական շահերի թուլացման հաշվին։

Բաքու մեկնած այդ անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից։

Նրանք․

● չունեն ժողովրդական մանդատ,

● չեն ներկայացնում որևէ հասարակական կամ քաղաքական շերտ,

● ըստ էության, արտահայտում են այն արտաքին կենտրոնների շահերը, որոնց միջոցներով ապահովվում է նրանց գործունեությունը։

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

Այդ օրենքը չի ծառայում սահմանափակման նպատակին․ դրա իմաստը թափանցիկությունն է և հանրային վստահության վերականգնումը․

● ով է ֆինանսավորում այս կամ այն հանրային գործունեությունը,

● ինչ նպատակներով են իրականացվում ծրագրերը,

● արդյոք դրանք համահունչ են Հայաստանի պետական և հասարակական շահերին։

Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում այլոց մեղադրելու «օտար օրակարգերի սպասարկման» մեջ, ապա առաջին հերթին հենց նրանք պետք է բացահայտ և հրապարակային ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հաշվետվությունները։

Հայաստանում խաղաղությանը դեմ որևէ ուժ չկա։

Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր