ՀՀ կառավարությունը կպատրաստի «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, որտեղ կնշեն մանկավարժներին հասանելիք բոլոր հիմնական արտոնությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանում վերացվել էր ուսուցիչների թոշակը, որը որոշակի աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժները ստանում էին 55 տարեկանից սկսած:
Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է սուբսիդավորել մի բնակավայրում ապրող, մեկ այլ բնակավայրում դասավանդող ուսուցիչների տրանսպորտի ուղեվարձը:
Ըստ նրա՝ իրավապահներից տեղեկություններ են ստացվել ուսուցիչների մասին, որոնք արտոնություններ են ստացել բնակության վայրի մասին կեղծ տեղեկանքների հիման վրա:
Ծրագիրը, ինչպես հավելեց նախարարը, կվերսկսվի ստուգումներից և նման դեպքերը բացառելուց հետո։
Ինչ վերաբերում է նշված օրինագծին, ապա ԱԺ-ում դրա քննարկման ժամանակ նախարարությունը պատրաստ է լսել լրացուցիչ սոցիալական ծրագրերի մասին առաջարկները: