Պատմական իրադարձություն՝ Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական գործունեության մեջ. հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին (South-East European Multi-Hazard Early Warning Advisory System – SEE-MHEWS-A), որում միավորված են 20 երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններ։
Հայաստանի անդամակցությունը հնարավոր դարձավ համակարգի բոլոր անդամ երկրների համաձայնությամբ, ինչը վկայում է տարածաշրջանային բարձր վստահության և համագործակցության միջավայրի մասին։
Համակարգը գործում է Համաշխարհային օդերևութաբանական օազմակերպության (ՀՕԿ / WMO) ղեկավարությամբ և Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնի (ECMWF) գիտատեխնիկական աջակցությամբ։ ՀՕԿ-ը համակարգում է մասնակից երկրների համագործակցությունը և կարողությունների զարգացումը՝ ապահովելով ծրագրի ռազմավարական ղեկավարումն ու համադրությունը տարածաշրջանային մակարդակով։
Հայաստանի անդամակցությունը SEE-MHEWS-A համակարգին կարևոր քայլ է՝ ուղղված կլիմայական ռիսկերի և բնական վտանգների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդմանը։ Համակարգը հնարավորություն է տալիս Հայհիդրոմետին կիրառել կանխատեսման ժամանակակից թվային մոդելներ, մասնակցել տարածաշրջանային ուսումնական և համատեղ ծրագրերի, ինչպես նաև ներդնել միասնական մոտեցումներ վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և նախազգուշացման ոլորտում։
Այս անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, այն բացում է նոր հնարավորություններ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և հիդրոօդերևութաբանական ծառայությունների զարգացման ուղղությամբ՝ համահունչ «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4ALL) գլոբալ նախաձեռնությանը»։