Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Ալբերտը, այս մասին հայտնում է Առաջին ալիքը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել:
Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։
Ալբերտն, ի դեպ, մասնակցել է նաև Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծին՝ իր կատարման ընթացքում «շրջելով» ժյուրիի բոլոր 4 անդամներին, այդ թվում նաև Պատրիկ Ֆիորիին, որի հետ այնուհետև կատարել է «Դլե Յաման» երգը: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
Ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը:
Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։