00:00:00

Մեր երեխաները օգնում են, որ մարդկանց հոգիները բժշկվեն․ Մերի Մարտիրոսյանի ճանապարհը

19:21, 17 հոկտեմբեր 2025 Առողջություն

Սա տաղանդավոր մի ընտանիքի պատմություն է, որի կենտրոնում Մերի Մարտիրոսյանն է՝ անասելի ուժեղ կամքով ու պայծառ լավատեսությամբ։ Ընտանիքում երեքն են՝ ապագա մագիստրոս, սոպրանո, 25-ամյա դուստրը՝ գեղեցկուհի Սիրանուշը, և 23-ամյա որդին՝ ապագա ծրագրավորող, կոմիքսների գրքի հեղինակ ու օտարալեզու գրքերի սիրահար Սամվելը, ով նույնիսկ հունարենից ու եբրայերենից է գլուխ հանում։ Երեքով շուրջ տասնյակից ավելի դիպլոմներ ունեն, մեծ մասը՝ կարմիր։ Սակայն այս հաջողակ ընտանիքի պատմությունը դժվարությամբ է գրվել։

Մերիի ավագ դուստրը՝ Սիրանուշը, կանխածին էր։ «Սկզբում ասացին՝ մահացած պտուղ է, հետո՝ կմահանա, հույս չկա։ Բայց ես հասկացա՝ կյանքի նշույլ կա ու կառչեցի հենց այդ նշույլից։ Դուրս գրեցին՝ այդպես էլ որևէ ախտորոշում չտալով, ասելով՝ գնացեք, թող տանը մեռնի», – պատմում է Մերին։ Նա ապրեց, բայց ընտանիքում զգում էին, որ տարբեր է։ Մինչ այդ Մերին հղիացավ երկրորդ անգամ, և ծնվեց Սամվելը, որին հետո ընտանիքը Սամուէլ պիտի անվաներ, քանի որ Մերիի խոսքերով՝ նա մարգարեական բնազդ ունի ու Աստծո պարգևն է։

Սամվելի վեց ամսական ստուգումների ժամանակ նյարդաբանը նրան ասաց. «Խեղճ աղջիկ, հերիք չէ տղան չի քնում, աղջկա մոտ էլ ՄՈՒԿ է՝ մանկական ուղեղային կաթված»։

 

Մերին այլևս հրաժարվում է վերհիշել օրվա սարսափելի հարվածը։ Կյանքի երկրորդ կեսը սկսվեց հենց այդ պահից՝ մերժում, կասկածներ, հիասթափությունների շղթա, նոր կարգավիճակ՝ միայնակ մայր և հաշմանդամություն ունեցող երկու մանկահասակ երեխա։

ԵՊՀ ռուս բանասիրության և լրագրության ֆակուլտետի երբեմնի գերազանցիկ շրջանավարտն այսուհետ իր մասնագիտական կարիերան համարեց ծառայել սեփական զավակներին։ «Վերջին աշխատավայրս հրաշալի մի մասնավոր դպրոց էր։ Աշխատում էի պայմանով, որ հետո երեխաներս պետք է սովորեին այնտեղ։ Երբ աղջկաս տարա առաջին դասարան, տնօրենն ասաց, որ էլիտար դպրոց է և չի կարող իմ աղջիկը, որին ձեռքերի վրա էի տանում-բերում, այնտեղ սովորել։ Առաջարկեց տնային ուսուցում։ Եվ ես աղջկաս հետ դուրս եկա դպրոցից»։ Սիրանուշն ընդունվեց Երևանի 129-րդ դպրոցը, մեկ տարի անց նույն դպրոցն ընդունվեց նաև եղբայրը։ Դպրոցական նստարանին էր նաև Մերին՝ ավելի քան տասը տարի։

 

«Դպրոցին զուգահեռ աղջիկս երաժշտական դպրոց ավարտեց՝ երկու մասնագիտությամբ՝ դաշնակահար և դասական վոկալիստ։ Ավարտեց նաև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը՝ կարմիր դիպլոմով։ Այնուհետև՝ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետի երաժշտական բաժինը, բակալավրիատ։ Հիմա Արվեստի պատմության և տեսության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է, 25 տարեկան գեղեցկուհի։ Որդիս՝ 23 տարեկան, նույնպես ավարտեց դպրոցն ու ինֆորմատիկայի քոլեջը՝ կարմիր ատեստատներով։ Այժմ սովորում է Պոլիտեխնիկում՝ ՏՏ բաժնում, որպես ծրագրավորող։ Հուսով ենք՝ շուտով կսկսի աշխատել սիրելի մասնագիտությամբ։ Ժամանակին մեր մասին ֆիլմ էին նկարել, որտեղ իմ որդին ասում էր՝ «իմ մաման ունի Աստծո հրաշք»։ Հարցնում էին՝ դա ո՞րն է։ Ասում էր՝ դա ե՛ս եմ։ Իրոք, այդպես է․ ինքը ամեն հարցում իմ կողքին է։ Նա աուտիզմ ունի, բայց փորձում է ամեն ինչ հաղթահարել, միայն թե ինձ ու քրոջը օգնի»։ Մերին ասում է, որ հպարտ մայր է, անսահման սիրում է իր զավակներին։ «Աստված ինձ ուժ տվեց։ Միգուցե դժվար է ձեզ պատկերացնել, բայց ես ու երեխաներս արդեն 15 տարուց ավելի ամեն կիրակի գնում ենք Սուրբ Հովհաննես եկեղեցի, մասնակցում ենք պատարագի։ Աուտիզմով իմ տղան խաչակնքվում է, ասում է՝ «մեղա քեզ, Աստված», խոստովանվում ու հաղորդություն ստանում։ Հավատքը այն ուժն էր, որ հանեց մեզ այդ իրավիճակից»։ Հաջորդ կարևոր գործոնը, ըստ նրա, սերն է՝ սերն իր հարազատ զավակների նկատմամբ, որքան էլ նրանք տարբերվում էին։ «Շատ սիրեք ձեր երեխաներին, ինչպիսին էլ որ լինեն, որքան էլ տարբեր լինեն։ Առողջ միջավայրը օգնում է, որ նրանք առողջանան, իսկ մեր երեխաները օգնում են, որ մարդկանց հոգիները բժշկվեն»։ Մերիի խոսքերով՝ հասարակությունն էլ բժշկվում է, թեև դեռ շատ խոցեր կան։ Հենց իրենք՝ մայրերը, պետք է փոխեն միջավայրը։ «Երբ մտածում եք, որ ձեր առօրյան դժվար է, դուք հոգնում եք ու չեք հասցնում, լսեք ինձ․ ես իմ երեխաների հետ ամեն օր համալսարան եմ գնում ու միաժամանակ երկուսի հետ սովորում։ Առավոտյան աղջկաս տանում եմ Մանկավարժական, հետո տղայիս հետ գնում Պոլիտեխնիկ։ Առաջին զանգից հետո տաքսիով գնում եմ՝ աղջկաս լսարանը փոխեմ։ Հետո նորից եմ գնում՝ տղայիս հետևից։ Պատահում է՝ օրական երեք անգամ գնում-գալիս եմ Մանկավարժականից Պոլիտեխնիկ, ու դա անում եմ նրա համար, որ իմ զավակները ժպտան», – եզրափակում է Մերի Մարտիրոսյանը։

 

Այս պատմությունը պատրաստվել է Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր