Ինչքան ես գիտեմ՝ զինվորականների դեմ դատական հետաքննություն է ընթանում։ Նրանք դատվում են մասամբ այն բանի համար, որ ձեր ընդդիմադիր գործընկերները սահմանին զինվորներին կանչել են և ասել. «Այնտեղ ի՞նչ եք անում։ Եկեք Երևան, գործ կա»։ Այս մասին այսօրԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ասում են, թե ես իբր եկել և պատերազմ եմ հրահրել։ 2018 թվականին Հայաստանում փաստացի խաղաղությո՞ւն էր տիրում։ Եթե խաղաղություն կար, ինչո՞ւ էին զինվորներ զոհվում և վիրավորվում ամեն տարի։ Եթե խաղաղություն կար, ինչո՞ւ էին դիվերսիաներ լինում ամեն տարի»:
Փաշինյանի խոսքով՝ հայ հասարակության մեջ հայրենասիրության հասկացությունը ձևավորվել է խորհրդային ժամանակաշրջանի Գլավլիտի ռեժիմի օրոք ստեղծված ֆիլմերի, աշխատանքների և նկարների հիման վրա։
«Մենք պետք է հարցնենք՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Այդ ամենը հիբրիդային պատերազմ էր, որը նախատեսված էր ապահովելու համար, որ Հայաստանը որպես պետություն երբեք գոյություն չունենա։ Ինչպե՞ս պատահեց, որ Ստալինը 1937 թվականին ոչնչացրեց Չարենցին և Բակունցին, բայց 1940 թվականին սկսեցին ստեղծագործություններ ի հայտ գալ։
Ինչպե՞ս պատահեց, որ խորհրդային Գլավլիտի ռեժիմի օրոք նույն բանաստեղծությունները մինչև մեկ տարի ներառում էին Արագածը, բայց հաջորդ տարի դարձան Արարատ։ Մենք պետք է անդրադառնանք այդ հարցերին։
Ինչպե՞ս պատահեց, որ Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի օրոք ձևավորվեցին ստեղծագործություններ, որոնք ձևավորեցին մեր հայրենիքի մասին պատկերացումները։
Մենք արդեն անկախ պետություն ենք, բայց հայրենիքի մասին մեր պատկերացումը տեղավորվում է Ստալինի, Խրուշչովի և Բրեժնևի օրոք մշակված նախագծերի մեջ։ Դուք այդ հարցերը չեք տալիս, որովհետև դուք նույնպես այս հայրենասիրության մեխանիզմի մասն եք կազմում»,-եզրափակեց նա: