00:00:00

«Մենք արձանագրում ենք թվային ծառայությունների նշանակալի դինամիկա»․ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրենի հարցազրույցը՝ Ֆորբսին

19:24, 29 սեպտեմբեր 2025 Բանկեր

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը հարցազրույց է տվել Ֆորբս ամսագրին։ Նա խոսել է Հայաստանի տնտեսության մեջ բանկի նշանակալի դերակատարության մասին` որպես վարկային պորտֆելով խոշորագույն ֆինանսական հաստատությունը Հայաստանում: Այդ հարցազրույցը տեղ է գտել Ֆորբս ամսագրի զեկույցում։

-Կարո՞ղ եք պատմել «Լայըն Ֆայնենս Գրուփ ՓիԷլՍի»-ի (Lion Finance Group PLC) հետ ձեր նոր գործընկերության մասին։

Ամերիաբանկը Lion Finance Group PLC-ի առանցքային դուստր ընկերություններից է։ Դրանով հանդերձ, բանկը պահպանել է կառավարման և գործառնությունների անկախությունը՝ միևնույն ժամանակ մեծապես շահելով խմբի այլ դուստր բանկերի հետ արժեքավոր փորձի փոխանակումից։ Մենք կիսվում ենք մեր ձեռքբերումներով և մարտահրավերների հաղթահարման փորձով՝ դրանք հարմարեցնելով յուրաքանչյուր շուկայի հաճախորդների վարքագծին։

Այս համագործակցությունը ոչ միայն ապահովում է գիտելիքի փոխանակում, այլև ընդգծում է տարածաշրջանի ներուժը, որպեսզի ներդրողներն ու հաճախորդները կարողանան օգտվել տնտեսությունների առավելությունների համադրումից՝ դրանք առանձին-առանձին դիտարկելու փոխարեն։

-Ինչպե՞ս է թվային փոխակերպումը կերտել բանկի հաջողությունը։

Շուրջ մեկ տասնամյակ թվային փոխակերպումը մեր աճի ռազմավարության առանցքում է։ Այժմ գործարքների ավելի քան 99 տոկոսն իրականացվում է մեր մասնաճյուղերից դուրս, իսկ վաճառքների կեսից ավելին՝ առցանց։ Այս փոփոխության շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշիվ բացել, վարկի հայտ ներկայացնել, ավանդ ձևակերպել կամ իրականացնել անհրաժեշտ գործարքները՝ ցանկացած վայրից` առանց բանկ գալու։

Մենք հավատում ենք՝ պետք է հաճախորդներին առաջարկել մեր ծառայություններն այնտեղ, որտեղ նրանք են, և Հայաստանում ինտերնետի բարձր ծածկույթը դա հնարավոր է դարձնում։ Միայն նախորդ տարվա ընթացքում թվային ենթակառուցվածքներում կատարված հետևողական ներդրումների շնորհիվ մեր գործարքների ծավալն աճել է ավելի քան վեց անգամ։ Մենք արձանագրում ենք թվային ծառայությունների նշանակալի դինամիկա․ վերջին 12 ամիսներին մեր ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով։

-Ինչպե՞ս է գործնականում դրսևորվում Ամերիաբանկի «էկոհամակարգային» մոտեցումը։

Մեր էկոհամակարգի գաղափարը շատ պարզ է․ «մեկ պատուհանի» սկզբունք, որը ստեղծված է կյանքն առավել հարմարավետ դարձնելու, հաճախորդների գոհունակությունն ապահովելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր առաքելությունը։

Մեր գործունեության հիմնական նպատակը հաճախորդների կարիքների բավարարումն է։ Իսկ երբ այդ կարիքները դուրս են գալիս բանկային շրջանակից, մենք ձգտում ենք մեր հարթակում համախմբել շուկայում առկա լավագույն լուծումները՝ ապահովելով դրանց հասանելիությունը մեր հաճախորդների համար: Բանկային ծառայությունները չպետք է ավարտվեն միայն վարկով կամ ավանդով։ Օրինակ, երբ ընտանիքը պատրաստվում է գնել բնակարան, մեր հարթակի միջոցով ստանում է համալիր լուծում՝ սկսած նոր բնակարանների առաջարկների դիտումից մինչև հիփոթեքի ձևակերպում, ապահովագրություն և անգամ գնումից հետո անհրաժեշտ կարիքների սպասարկում։

Մեր գործունեության բոլոր ուղղությունների կենտրոնում մշտապես հաճախորդներն են։

-Ինչպե՞ս են բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման կոմպոնենտն ու կայուն զարգացումը ներառված ձեր ռազմավարության մեջ։

Ամերիաբանկն առաջինն էր Հայաստանում և առաջիններից մեկը տարածաշրջանում, որը թողարկեց կանաչ պարտատոմսեր։ Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ դրանցից չորսը համարելով գերակա։

Այս սկզբունքները ներդրված են մեր վարկային քաղաքականության մեջ. մենք սահմանում ենք բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման նվազագույն չափանիշներ հաճախորդների համար, աջակցում, որ նրանք համապատասխանեն դրանց և նույնիսկ վերանայում պայմանները, եթե առկա է չհամապատասխանելու ռիսկ։

Միշտ չէ, որ այս գործընթացը հեշտ է եղել, բայց արդեն ավելի շատ հաճախորդներ են տեսնում, թե ինչպես են այս միջոցառումները պաշտպանում նրանց ռիսկերից, ամրապնդում ճկունությունը և օգնում ապահովել կայուն աճ։ 

Մենք նաև հրապարակում ենք կայուն զարգացման տարեկան զեկույցներ, որոնք հաստատվում են երրորդ կողմերի կողմից, իսկ յուրաքանչյուր վարկ օգտագործում ենք որպես պատասխանատու բիզնես գործելակերպը խթանելու հնարավորություն։ Ժամանակի ընթացքում շատ ավելի հեշտ է դարձել մտածելակերպի այս փոփոխությունը մարդկանց փոխանցելը, և մենք հավատում ենք, որ այն կդառնա համընդհանուր չափանիշ Հայաստանի բանկային համակարգում։

Հիշեցնենք, որ Ֆորբս ամսագիրը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ զեկույց, որտեղ ներկայացվում է մեր երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը: Զեկույցում առանձին հեղինակային անդրադարձ է կատարվել նաև Ամերիաբանկին և վերջին տարիներին բիզնեսի տարբեր ուղղություններով բանկի արձանագրած ցուցանիշներին ու ձեռքբերումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր