Մի խումբ անձինք, որոնք կարող էին առնչություն ունենալ 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցմանը, ենթադրաբար գործել են այն ժամանակվա Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հանձնարարությամբ։ Այս մասին գրում է գերմանական Welt պարբերականը՝ հղում անելով Գերմանիայի քննիչին։
Ներկայումս Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի խողովակաշարի պայթեցմանը ներգրավվածության մասին լրատվամիջոցներում հաղորդվել էր դեռևս 2023 թվականին: 2025 թվականի օգոստոսին դիվերսիայի ենթադրյալ կատարողներից մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կուզնեցովը, ձերբակալվել է Իտալիայում՝ Գերմանիայի խնդրանքով: Պայթյունի պահին տղամարդը ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանում: Նա հերքում է միջադեպին իր մասնակցությունը և պնդում է, որ 2022 թվականի սեպտեմբերին գտնվել է Ուկրաինայում:
2022 թվականի սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների չորս գծերից երեքը պայթեցվել են մոտ 80 մետր խորության վրա։ Գերմանացի քննիչների կողմից քննարկվող հիմնական վարկածի համաձայն՝ մոտ վեց հոգուց բաղկացած խումբը «Անդրոմեդա» զբոսանավը վարձակալել է կեղծ փաստաթղթերով և խորջրյա սարքավորումների միջոցով պայթուցիկ սարքեր տեղադրել գազատարների վրա։ Ենթադրվում է, որ Սերգեյ Կուզնեցովը եղել է գործողության համակարգողներից մեկը։
2023 թվականին գերմանական Die Zeit, ARD և Sudeutsche Zeitung պարբերականները համատեղ հետաքննությամբ հայտնել էին, որ «Անդրոմեդա» զբոսանավի վարձակալության համար վճարած լեհական Feeria Lwowa ընկերության հետ կապված է ուկրաինացի գործարար։ The Washington Post-ը և Der Spiegel-ը գրում էին, որ հրամանները եկել են Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից, ովքեր ենթարկվել են Վալերի Զալուժնիին։ Ուկրաինական իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունը պայթեցմանը։ Ռուսաստանը տեղի ունեցածը միջազգային ահաբեկչության ակտ է անվանել, որը չէր կարող կատարվել Ուկրաինայի կողմից՝ առանց արևմտյան դաշնակիցների օգնության։