00:00:00

«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալի առողջությանը ծանր վնաս է հասցվել. Պատճառը թղթախաղից հրաժարվել է եղել

17:18, 30 մայիս 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Այսպես, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գևորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից պատիժը կրել են միևնույն խցում: Այդ ընթացքում Դ. Խաչատրյանը խցակցին պարբերաբար առաջարկել է գումարի դիմաց թղթախաղով զբաղվել, սակայն Գ. Արսենյանը մերժել է, որի պատճառով նրանք հաճախակի վիճաբանել են: 2017թ.-ի հունիսի 25-ին Դ. Խաչատրյանը հերթական անգամ խցակցին առաջարկել է գումարի դիմաց թղթախաղ խաղալ: Գ. Արսենյանը հրաժարվել է և պահանջել նման հարցերով չանհանգստացնել իրեն, սակայն Դ. Խաչատրյանը շարունակել է պնդել, ինչը վերածվել է լեզվակռվի և քաշքշուկի, որի ընթացքում Գ. Արսենյանը տաք ջուր է լցրել Դ. Խաչատրյանի դեմքին և հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթև վնաս: Տեսնելով, որ խցակիցները վիճաբանել են միմյանց հետ, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը պարզաբանումներ կատարելու համար Գ. Արսենյանին ուղեկցել է իր խուց, որտեղ վերջինիս նախատել է իր մտերիմ Դ. Խաչատրյանի հետ վիճաբանելու համար: Այդ ընթացքում խուց է մտել Դ. Խաչատրյանը և թիկունքից հարվածել Գ. Արսենյանի գլխին, ապա` մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կողային շրջանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այնուհետև խցում գտնվող մյուս դատապարտյալները նույնպես Դ. Խաչատրյանի հետ հարվածներ են հասցրել գետնին ընկած Գ. Արսենյանի մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել նրան: Դեպքից հետո Գ. Արսենյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա մեծ դժվարությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խուց, որտեղ հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է նախնական բուժզննության, ապա տեղափոխվել քաղաքացիական բժշկական կենտրոն: Այսպիսով, դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դ. Խաչատրյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար Գևորգ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Դ. Խաչատրյանի և Գ. Արսենյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր