00:00:00

Գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունը․ ՄԱԿ-ի և պետությունների նպատակային քայլերը

11:41, 29 հուլիս 2025 Հասարակություն

Գլոբալ տաքացման, ջերմոցային էֆեկտի մասին խոսելիս նախորդ զրույցներում  մենք  պարզաբանեցինք ինչպես այդ երևույթների առաջացման մեխանիզմը, այնպես էլ դրանց միջև եղած անմիջական կապը ու նաև խոսք գնաց այդ երևույթների նկատմամբ պատմականորեն ձևավորված վերաբերմունքի մասին:

Այնուհանդերձ, ուզում եմ բացահայտենք նաև «ջերմոցային» բառի  այստեղ կիրառման անհրաժեշտությունը ու դասական իմաստով սովորական ջերմոցի հետ նրա ունեցած նմանությունը:

Իրականում պարզվում է, որ սովորական ջերմոցի ապակին  «բաց է թողնում» արեգակնային ճառագայթումը և մասնակիորեն արգելակում է տաքացած գետնից  և այնտեղի բուսականությունից արձակվող ջերմային էներգիան: Փաստորեն, Երկրի մթնոլորտում  ջերմոցի ապակու դերը կատարում  են ջերմոցային գազերը՝ ի դեմս ածխաթթու գազի, մեթանի, օզոնի, ջրային գոլորշու և այլն: Դրանք, ինչպես հայտնի է, անարգելք բաց են թողնում  Արեգակից՝ դեպի  մոլորակ ուղղված ճառագայթումը և արգելակում են  տաքացած Երկրից անջատված երկարալիք ջերմային էներգիան՝ առաջացնելով ջերմոցային երևույթ ու, բնականաբար, թույլ չտալով, որ այդ էներգիան  ամբողջովին անցնի միջմոլորակային տարածք ու չառաջացնի ածանցյալ  և նաև վնասակար այս երևույթները:

 Գլոբալ տաքացման հետևանքներ ասելով՝  պետք է հասկանալ ջերմոցային գազերի  քանակի ահագնացող արտանետումներով պայմանավորված  տնտեսական և սոցիալական փոփոխությունները:

Գիտնականները ուսումնասիրելով Էվերեստի արբանյակային լուսանկարները 1993-2018 թթ միջակայքում, նկատեցին, որ այնտեղ բուսածածկույթ գոյություն ունի 5500 մ բարձրության վրա: Լեռան այն տեղամասերը, որոնք ընդհանրապես բուսազուրկ էին՝ վերջին 13-14 տարվա ընթացքում պատվել են բուսականությամբ: Հետազոտողները միակարծիք են, որ այս իրողությունը կապված է գլոբալ տաքացման երևույթի հետ:

Միաժամանակ նման փոփոխությունները, գիտնականների կարծիքով, կարող է բերել Հիմալայների սառցաջրային  հաշվեկշռի փոփոխության, որն, ըստ էության, վերաբերում է 1,4-1,5 միլիարդ մարդու:

«Կլիմայի փոփոխություն» եզրույթը նշանակում է ջերմաստիճանի գլոբալ փոփոխություն, որը կպահպանվի երկար ժամանակ: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության/ՀՕԿ/ գիտությամբ այդ շրջանը համարվում է 30 տարին:

Գլոբալ տաքացման հետևանքները կարող են արտահայտվել ինչպես մթնոլորտային տեղումների, այնպես էլ էքստրեմալ  եղանակային երևույթների հաճախության մեծացմամբ: Ներկայումս գոյություն ունի գիտական կոնսենսուս առ այն, որ կլիմայի փոփոխությունը Երկրի վրա իրականում տեղի է ունենում: Դրա գլխավոր պատճառը հանդիսանում է մարդու  աճող արտադրական, տեխնածին գործունեությունը:

Կլիմայի փոփոխության որոշ հետևանքների ականատեսն ենք բոլորս: Այսպես, հավերժական սառույցների հալման  արագ ընթացքը, բուսատեսակներից շատերի վաղ ծաղկումը դրա մասին են խոսում:

Եթե աշխարհում տարվի կլիմայի փոփոխությանը միտված հետևողական քաղաքականություն, ապա հնարավոր կլինի 2100 թվականի մոտակայքում սահմանափակվել ջերմաստիճանի փոփոխման՝ 2 աստիճան, ըստ Ցելսիուսի  չափով: Էներգիայի արտադրության  հարաճուն պահանջները սակայն կարող են այդ  վնասակար փոփոխությունը հասցնել 4 աստճանի:

Նույնիսկ  ջերմաստիճանի 1,5 աստճանի փոփոխության դեպքում  օվկիանոսի մակարդակը կբարձրանա 2-3 մետրով և որպես հետևանք կհաճախակիանան ջրհեղեղները: Մասնագետների կարծիքով՝  գլոբալ տաքացման շնորհիվ կփոփոխվի օվկիանոսային շրջապտույտը, որի պատճառով Աֆրիկայում և Ասիայում կթուլանան մուսոնները, իսկ հարավային կիսագնդում ընդհակառակը՝ դրանք կուժեղանան: Նմանատիպ փոփոխությունները կազդեն նաև Գոլֆստրիմ հայտնի հոսանքի վրա՝ բարդացնելով  Եվրոպայի կլիմայական վիճակը…

Իսկ ի՞նչ համակարգված քայլեր է կատարում քաղաքակրթությունը, որպեսզի մարդկությունը չհայտնվի վերահաս աղետի վիճակում:

Քանի որ խնդիրը համամոլորակային ու համամարդկային է բնական է, որ  դրանով անմիջապես զբաղվի ՄԱԿ-ը: Ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիան՝ կլիմայի փոփոխությունների մասին, որը համաձայնություն է ու ստորագրված է ավելի քան 180 պետությունների կողմից, և կլիմայի փոփոխությունների խնդրի վերաբերյալ ընդհանուր գործունեության սկզբունքների մասին է: Այն հրապարակայնորեն ընդունվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում և ուժի մեջ է մտել 1994թ. մարտի 21-ին:

Կոնվենցիայի ընդունումից հետո գիտակցելով խնդրի բարդությունը, որոշեցին կազմակերպել COP-1-ը (այն հապավում է, որը թարգմանաբար նշանակում է «Կողմերի համաժողով»), որը տեղի ունեցավ Բեռլինում՝ 1995թվականին: Նման կոնֆերանսներ պարբերաբար կազմակերպվում են ՄԱԿ-ի հովանու ներքո և շուտով կլինի 30-րդ կոնֆերանսը:

ՄԱԿ-ի ՇԿԿՓՄ-ն սահմանում է՝

«Կլիմայական համակարգ»՝ մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի և երկրոլորտի ամբողջությունն է և դրանց փոխգործակցությունը,

«Կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքները»՝ ֆիզիկական միջավայրում կամ բիոտայում կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած փոփոխություններն են, որոնք զգալի բացասական ազդեցություն են ունենում բնական և կառավարվող էկոհամակարգերի կառուցվածքի, վերարտադրման կարողության, սոցիալ-տնտեսական համակարգերի գործունեության կամ մարդու առողջության և բարեկեցության վրա:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա՝ ԿՓՇԿ-ն և դրա Կիոտոյի արձանագրությունն ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

Կիոտոյի արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Ճապոնիայի Կիոտո քաղաքում՝ 1997թ. դեկտեմբերին, ի հավելումն ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին:

Փարիզի համաձայնագիրը, որն ընդունվել է 2015թ. դեկտեմբերին ու վավերացվել է ՄԱԿ –ի անդամ 96 պետությունների կողմից:

Փարիզյան համաձայնագրի կնքման պահին որոշվեց, որ զարգացած երկրներն այդ նպատակների համար մինչև 2020 թվականը  տարեկան կապահովեն  կլիմայական ֆինանսավորում՝ 100 միլիարդ դոլարի չափով: Այն իրականություն դարձավ 2022թվականին:

Ներկայումս շրջանառվում է 2,4 տրիլիոն դոլար /տարի չափով ֆինանսավորման պահանջը, որը նախատեսված  է մինչև 2030 թվականը:

1950 թվականին հիմնադրվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը/WMO/, որը համակարգում է  օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցությունը, նպաստում է եղանակային տեղեկատվության արագ փոխանակմանը և տվյալների հրատարակմանը:

Այժմ ընդհանրացնելով զրույցները՝ թեթևակի, ամփոփիչ անդրադարձ կատարենք եղանակ, կլիմա հասկացություններին:

Եղանակը տվյալ պահին, տվյալ վայրում մթնոլորտի ֆիզիկական վիճակը,  այնտեղ տեղի ունեցող երևույթները բնութագրող ընդհանրական ցուցանիշ է:

Կլիման տվյալ տարածքին բնորոշ միջինացված օդերևութաբանական պայմաններն են: Կարելի է ասել, որ դա միջին եղանակն է տևական ժամանակի՝ ինչպես արդեն նշվեց 30 տարվա ընթացքում:

Կլիմայի փոփոխությունը տևական ժամանակահատվածում կլիմայական ցուցանիշների փոփոխությունն է:

Կրկին փաստենք, որ ջերմոցային էֆեկտով՝ կոնկրետ նրա աճով պայմանավորված մոլորակի վրա  տեղի են ունենում ինչպես եղանակի, այնպես էլ  կլիմայի անցանկալի փոփոխություններ, որոնց  ընթացքը քաղաքակրթության  մտածված, նպատակային  քայլերով  անհրաժեշտաբար պետք է կասեցվի…

Կամո Աթայան

29.07.25թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր