Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։