Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավի կապակցությամբ բողոք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Այդ մասին անձամբ Զոհրաբյանն է հայտնել՝ սոցցանցի իր էջում գրելով․
«Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝ (1) հանրությանը ծառայելու գիտակցումը, (2) հավատարմությունը հանրային շահին, (3) բարեկրթությունը և հարգալիրությունը, (4) բարեխղճությունը, (5) օբյեկտիվությունը:
Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:
Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել: Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»: