Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանի տարածքով չլինի անցումը, մենք Իրանի տարածքով կգնանք. մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահի պատկերցմամբ անխոչընդոտ անցումը պետք է լինի առանց ստուգումների անցում:
«Ընդհակառակը, քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, որովհետև մենք էլ ենք ուզում, որ ճանապարհներ օգտագործենք, մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է և ոչ թե ընդհանրապես միջազգային կանոնների շրջանցման:
Ես վստահ չեմ, որ մենք տրանզիտի կանոնները հանրային առումով շատ լավ գիտենք, որովհետև տրանզիտը ինքնին հսկողության շատ մեծ բաներ չունի: Ուրիշ բան է, որ քո երկիր ներմուծում են, ուրիշ բան է, երբ որ քո երկրով ուղղակի անցնում են։ Երկու դեպքում է կա որոշակի հսկողություն, բայց այդ հսկողությունների միջև սարերի և ձորերի տարբերություն կա։ Եվ մենք ասում ենք, որ Հայաստանի իրավազորությունը պետք է աշխատի։ Ի՞նչ բանաձևերով, այդ բանաձևերը մենք նաև առաջարկում ենք, որ հաշվի առնի նաև դիմացինի ընկալումները»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ օրինակ բերեց. «Դուք հիմա, երբ ձեր տնից դուրս եք գալիս, գնում եք աշխատանքի, դուք գնում եք անխոչնդոտ, բայց դա չի նշանակում, որ դուք ՀՀ օրենսդրությունը շրջանցելով կամ արհամարելով եք Ա կետից Բ կետը տեղափոխվում: Ձեր գնալ գալը անխոչնդոտ է, բայց դուք շարժվում եք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որևէ մեքենա, որ երթևեկում է, երթևեկում է անխոչնդոտ, բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրանից, երբ որ մեքենա գալիս Հայաստանով գնում Վրաստան, գնում է անխոչնդոտ։ Ո՞վ է խոչընդոտում իրենց։ Խոչընդոտն այն է, որ չես թողնում գնա»,-ասաց նա: