Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «իր մեջի խնդիրն արտահայտված է նաև բոլորի մեջ», որովհետև ինքն «օդից չի ընկել»։
«Ես ասում եմ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի՝ թող միշտ պանծա Հայաստան։ Հիմն ավարտվում է զոհվելու տեսարանով ու մենք ծափ ենք տալիս, ինչը դիսկոնֆորտ է առաջացնում»,- ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նա։
Անդրադառնալով ՀՀ սպառազինության վերաբերյալ իր հայտարարությանը, թե երբ ասել ենք, որ «Արարատը մերն է, դրա համար մեզ ժանգոտած զենք են տվել»՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ինչ ձեռք է բերում, ձեռք է բերում հիմնականում նորը։
«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել։ Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք, կամ եթե եղել է՝ եղել է շատ քիչ, հետևաբար, խնդիրը աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու սովորության մեջ է»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ հայաստանյան կոնսենսուսը պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել, բայց իրական Հայաստանը մեր մտածողության մեջ երբեք չի եղել։
«Հետևաբար, ես հանգել եմ այն եզրակցությանը, որ մենք պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն այսօր, վաղը և ընդմիշտ»,- ասաց նա։
Վարչապետը հայտարարեց, որ դա է Հայաստանի պետականությանը հարատևություն ապահովելու միակ տարբերակը։