Սյունիքի մարզի դատարանում ընթանում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը՝ Դ20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով:
Սկզբում դատական նիստն ընթանում էր բաց, ՊԲ նախկին հրամանատարի պաշտպանական թիմը սկսել է իր եզրափակիչ ելույթի ներկայացումը:
Ջալալ Հարությունյանը համաձայնություն է տվել նիստի բաց լինելուն և այն նկարահանելուն՝ մեկ պայմանով. եթե ինքը չերևա խոշոր պլանով, թեպետ հեռվից ևս դեմ է եղել կադրում երևալուն:
Ավելի ուշ, երբ հասել են գաղտնի փաստաթղթերին, դատարանն անցել է դռնփակ նիստի:
Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը դատարանում է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Խոսքը վերաբերում է «Ցոր» զորամասի հրետանավորների զոհվելուն։