Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ կվարեն Կրեմլում՝ հունվարի 17-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրանի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի շատ կարևոր բաղադրիչն է երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, մենք մեծ նշանակություն ենք տալիս դրան»,- հավելել է նա։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ իրանական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայնագիրը կնքվելու է 20 տարի ժամկետով, հետո փաստաթուղթը պետք է վավերացնի Իրանի խորհրդարանը։
«Համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից։ Խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 20 տարի ժամկետով»,- ասել է դիվանգետը՝ չհստակեցնելով, թե նախատեսվա՞ծ է արդյոք պայմանագրի ավտոմատ երկարաձգման հնարավորություն։