00:00:00

«ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան

17:23, 14 հունվար 2025 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Կարծում եմ՝ 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության համար. ծայրահեղ աջ ուժերի ալիքը, որը սկսեց թափ հավաքել նախորդ տասնամյակում, 2024թ-ին վերածվեց շոշափելի ալիքի։

Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական ​​աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ։

Առաջին հայացքից այս միտումը կարող է տագնապ առաջացնել՝ այլատյացության աճի, լիբերալ արժեքների էրոզիայի, հակամիգրացիոն հռետորաբանության ուժեղացման և այլ տեսքով։ Այնուամենայնիվ, արժե մտածել այս տեղաշարժի պատճառների մասին։ Եվրոպան, վերջին տարիների բախվելով տնտեսական, միգրացիոն, անվտանգային և մշակութային ճգնաժամերին՝ պատասխաններ է փնտրում։ Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ զգում են, որ իրենց ձայնն այլևս չի լսվում, և որ գլոբալիզմի ու բազմամշակութայնության պատճառով, Եվրոպայում քայքայվում է ազգային ինքնությունը:

Նման պայմաններում աջակողմյան արժեքներին վերադարձը կարելի է ընկալել որպես եվրոպական ինքնությունը պահպանելու փորձ։ Ազգային պետության մոդելները, որոնք որպես այլընտրանք ԵՄ համաեվրոպական բյուրոկրատիայի ​​և լիբերալ-գլոբալիստական մոդելի, առաջ են քաշվում աջակողմյան կուսակցությունների կողմից՝ եվրոպացիներին առաջարկում են ազգային պատկանելության և սեփական շահերի նկատմամբ վերահսկողության զգացում:

Հարկ է նաև ընդգծել, որ այս գործընթացները միատեսակ ու միանշանակ չեն: Կա որոշակի տարբերություն Իտալիայում Ջորջի Մելոնիի պրագմատիկ մոտեցման և Ավստրիայում Հերբերտ Քիքլի կամ Գերմանիայում Ալիս Վայդելի արմատական ​​հռետորաբանության միջև: Եվրոպայի ապագան, իմ կարծիքով, կախված է լինելու նրանից, թե աջակողմյան ուժերի որդեգրած ուղիներից ո՞րն է լինելու գերիշխողը:

Այսօր ապագայի համար հարց է նաև, թե արդյոք այն կպահպանի՞ հավասարակշռությունը եվրոպական ավանդութային արժեքների և արդիականության, ազգային ինքնության և մարդու իրավունքների հարգման միջև: Այս հարցի պատասխանը ապագայում կորոշի, թե արդյոք 2024 թվականը եվրոպական պատմության մեջ կգրանցվի որպես զուտ ինքնության վերածննդի սկի՞զբ, թե՞ կվերածվի համաշխարհային զարգացումներից ժամանակավոր մեկուսացման ու բաժանման քայլի:

«Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է մի անպտուղ գործընթաց, որը, վնասելով առկա ռազմավարական շահերին ու աշխարհագրական-անվտանգային առանձնահատկություններին, մեծ հավանականությամբ, ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին:

Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե, իհարկե, պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր