Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց, արդարության համար, ընդգծել է, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության կողմից որոշումների ընդունումը, որտեղ կոնսենսուս է պահանջվում։
Նա նաև նշել է, որ դեռևս 2022 թվականի աշնանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զսպող դեր խաղալու համար։
«Բայց հետո մեր հայ ընկերները վերջին պահին հրաժարվեցին՝ ասելով, որ իրենց համար դժվար է համաձայնել՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ հայ-ադրբեջանական սահմանին եռօրյա բախումներ էին, ՀԱՊԿ-ը չմիջամտեց»,- ասել է նա՝ շեշտելով, որ ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս է անդրադարձել այս թեմային. չկար սահմանազատված սահման, երբեք չէր եղել սահմանազատում։
«Այո, այն ժամանակ էլ եղել են նման փոխհրաձգություններ, բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, նույնպես Հայաստանի ինքնիշխան որոշումն էր»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։