Գեղարդ» հիմնադրամ․
Եթե բռնի սպանված յուրաքանչյուր հայի համար մեկ մոմ վառվեր, այդ մոմերի փայլը լուսնային լույսից ավելի վառ կլիներ։ Հայերը դիմացել են ամեն ինչի, բայց այդպես էլ չեն համաձայնել փոխել իրենց հավատքը։ Այդ մարդիկ հոգնել են տանջվելուց և բռնությունից, բայց նրանք երբեք չեն դադարել կառուցել իրենց եկեղեցիները, գրել իրենց գրքերը և աղոթել իրենց Աստծուն՝ ձեռքերը բարձրացնելով դեպի երկինք»,- Աքրամ Այլիսլի[1], «Քարե երազներ»[2]։
2012 թվականին մոսկովյան «Дружба народов» ամսագրում «Քարե երազներ» վեպի տպագումը շրջադարձային եղավ Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի համար։ Ներկայացնելով[3] Բաքվի հայկական ջարդերը, 1919 թվականին Ագուլիսում թուրքերի կողմից իրականցված հայերի կոտորածը՝ Այլիսլին իր գործով հաստատեց ադրբեջանական իշխանությունների վարած հայասպան քաղաքականության իսկությունը։ Հեյդար Ալիևի կողմից Ադրբեջանի բարձրագույն պարգևների՝ «Շոհրատ» («Փառք») և «Իստիգլալ» («Անկախություն») արժանացած գրողը վեպի տպագրումից հետո հռչակվեց ժողովրդի թշնամի, զրկվեց պատվո թոշակից, պետական պարգևներից ու կոչումներից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե վեպը «սևացնում է երկրի պատմությունը», և սկսվեց պետականորեն հովանավորվող արշավն Աքրամ Այլիսլիի ու ընտանիքի դեմ։ Այլիսլին հեռացվեց Ադրբեջանի գրողների միությունից, աշխատանքից ազատվեցին նրա որդին ու կինը։ Գրողի գրքերն այրվեցին Բաքվում, Գյանջայում, ծննդավայր Այլիսում և այլ վայրերում։
2013 թվականի հունվարին մի խումբ երիտասարդներ գրողի տան մոտ այրեցին նրա լուսանկարները՝ պահանջելով հեռանալ երկրից։ «Ենի Ադրբեջան» կուսակցության ակտիվիստները Բաքվի փողոցներում ցուցադրաբար հուղարկավորեցին գրողի գրքերը, Ադրբեջանի գրողների միությունը պահանջեց Այլիսլիին զրկել քաղաքացիությունից։ Վեպն անգամ քննարկվեց Միլի մեջլիսում և միաձայն դատապարտվեց, իսկ խորհրդարանի նախկին նախագահ Օքթայ Ասադովը հայտարարեց, թե գրողին պաշտպանողները կասկածելի ծագում ունեն։ Ըստ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմի (2001-2013)՝ Այլիսլիի գիրքը ստորացնում է ադրբեջանական ժողովրդին։ Գրողի դեմ արտահայտվեց անգամ Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեն՝ նրան անվանելով դավաճան, հավատուրաց, հերետիկոս։ Իշխանամետ «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը 10000 մանաթ պարգև սահմանեց նրա համար, ով կկտրի Այլիսլիի աջ ականջը․․․
Այլիսլիի դեմ պետական մակարդակով սանձազերծված այս վայրագություններն ատելության սլաքն ուղղեցին ոչ միայն դեպի գրողը, այլև՝ հայ ժողովուրդը։ Որոշ պատգամավորներ գրողին անվանեցին «հայ»՝ չթաքցնելով իրենց ատելությունն ու ռասիզմը։ «Իմ կարծիքով Աքրամ Այլիսլիին հարկավոր է զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից և ուղարկել Երևան: Թող գնա որպես սպասավոր ծառայի հայկական որևէ եկեղեցում»,- 2013 թվականին խորհրդարանում հայտարարել էր Միլի մեջլիսի պատգամավոր Նիզամի Ջաֆարովը:
Աքրամ Այլիսլին որոշել էր իր վեպը հրատարակել մի ժամանակահատվածում, երբ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին նոր էր արտահանձնել Ադրբեջանին։ Սաֆարովի հերոսացման ֆոնին ավելի էր խորացել հայատյացությունը։ «Երբ տեսա խելահեղ արձագանքն ու հայերի և ադրբեջանցիների միջև թշնամության սահման չճանաչող, միտումնավոր բորբոքվող այդ մոլագարությունը, որոշեցի տպագրել վեպս»,- գրում է Այլիսլին։
Ի պաշտպանություն Աքրամ Այլիսլիի՝ հանդես եկան մի խումբ ռուս գրողներ, ռուսական և միջազգային այլ լրատվամիջոցներ ու կազմակերպություններ։
Սակայն գրողի հանդեպ հետապնդումները շարունակական բնույթ կրեցին։ 2016 թվականին Այլիսլիի դեմ քրեական գործ հարուցվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի 221 1 հոդվածով՝ խուլիգանություն։ Գրողին մեղադրում էին Բաքվի օդանավակայանում 35-ամյա աշխատակցին ծեծելու մեջ։ Այս միջադեպը պատճառ դարձավ, որ արգելեն նրա ելքը երկրից։ Սա գրողին լռեցնելու հերթական միջոցն էր։ Այլիսլին ստիպված անձամբ դիմեց նախագահ Ի․ Ալիևին՝ հորդորելով վերջ տալ իր դեմ հարուցված քրեական հետապնդումներին՝ հավելելով․ «Եթե իշխանությունների քաղաքականությունն այդ աստիճան անթերի լիներ, ապա գրական փոքրիկ ստեղծագործությունը չէր կարող ազդել մի ողջ երկրի կյանքի վրա»:
Աքրամ Այլիսլիի նկատմամաբ սկսված հալածանքները ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության մի մասն է, հայասպանությունը՝ ազգային հերոսի կոչում։ Այս ամենն այնքան խորը արմատներ ունի հարևան երկրում, որ ընդվզումը չներվեց անգամ Հեյդար Ալիևի կողմից պետական պարգևների արժանացած ժողովրդական գրողին։ Խորացնելով հայերի հանդեպ ատելությունն՝ ալիևյան ռեժիմը թշնամի է համարում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են առերեսվել իրականությանը՝ ներկայացնելով ճշմարիտ պատմությունը։
[1] Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլին ծնվել է 1937թ․ Նախիջևանի Ագուլիս (Այլիս) գյուղում։ 1962 թվականից եղել է մի շարք թերթերի, ամսագրերի խմբագիր, 1988-1989 թթ․՝ Ադրբեջանի գրողների միության քարտուղար, 2005թ․ ընտրվել է Միլի մեջլիսի պատգամավոր։ Արժանացել է պետական մի շարք պարգևների և կոչումների։