Եթե հաջորդ տարվանից օտարերկրյա քաղաքացին պատրաստվում է Ռուսաստանում տարեկան ընդհանուր 30 օրից ավելի գտնվել, ապա պարտավոր է լոյալության համաձայնագիր ստորագրել: Ինչ է սա իրենից ներկայացնում։ Ըստ այդմ տվյալ քաղաքացին պարտավորվում է չխախտել այդ երկրի օրենսդրությունը, հարգել նրանց ավանդույթները, Հայրենական պատերազմի մասին չխոսել, չհայտնել այլ կարծիք, քան այդ պահին ընդունված է երկրում: Նաև պարտավորվում է չչարաշահել Ռուսաստանի պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Այսինքն՝ եթե օրինակ՝ ոստիկանը միգրանտին բաժանմունք է տանում որոշ հարցեր ճշտելու համար կամ մուտքի ապօրինի արգելք է դնում, նա այլևս չի կարողանա ոստիկանի այդ գործողությունները դատարանում բողոքարկել:
Այս խստացումների շարքում գործելու է նաև «վերահսկվող գտնվելու ռեժիմ» հասկացությունը՝ եթե միգրանտը հաշվառվի այլ հասցեում, բայց բնակվի այլ վայրում, ապա անգամ տնից դուրս գալ չի կարող առանց ոստիկանի թույլտվության, հակառակ դեպքում մինչև 1 տարվա ազատազրկման կենթարկվի։
Այս ռեժիմի տակ կարող են ընկնել նաև բոլոր նրանք, որոնք կասկածվում են միգրացիոն օրենսդրության խախտման, քրեական հանցագործություն կատարելու մեջ կամ վարակիչ հիվանդություն կարող են ունենալ, կամ էլ գործատուն կանխավճարով չի վճարել նրա հարկերը, անգամ եթե ինքը չգիտի։
Այսպես, եթե օրինակ՝ ՀՀ քաղաքացին աշխատելու նպատակով է գնում Ռուսաստան, ապա երկիր մուտք գործելուց սկսած 30 օրվա ընթացքում 4 գործողություն պետք է անի: Նախ պետք է հաշվառվի այն հասցեում, որտեղ իրականում ապրելու է, հետո տվյալ տարածքի պոլիկլինիկայում 9 հիվանդությունների բուժզննում անցնի, եթե օրինակ՝ պարզվի, որ ՄԻԱՎ կամ վարակիչ այլ հիվանդություն ունի, կարող է ցմահ արտաքսվել: Հետո պոլիկլինիկայի տեղեկանքը պետք է ներկայացնի իր հաշվառման միգրացիոն ծառայություն, այնտեղ էլ հանձնի մատնահետք ու լուսանկարվի, այս ամենից հետո կստանա մատնահետքի քարտ: Վերջին քայլով էլ պետք է գործատուի հետ պայմանագիր կնքի: Նախատեսվում է նաև օտարերկրացի աշխատողների ու նրանց վարձող գործատուների ռեեստր հիմնել։
Եթե գործատուն կվարձի օտարերկրյա աշխատողի, պարտավոր է դեռևս չաշխատած մեկ ամսվա համար վճարել իր աշխատողի համար բոլոր հարկերը։ Բժշկական այս ստուգումների համար, ի դեպ, միգրանտը պետք է վճարի: Այս ամենին զուգահեռ Ռուսաստանը հեշտացնում է քաղաքացիություն տալու կարգը, բայց անձնագիրը ստանալու պահից նաև զինվորական հաշվառման է կանգնում անձը:
Նշենք, որ միայն 2022-ին աշխատելու նպատակով Ռուսաստան է գնացել ավելի քան 332 հազար ՀՀ քաղաքացի։ 2023-ին այս թիվը թեև նվազել է՝ հասնելով 234 հազար 541-ի, այդուհանդերձ՝ հայաստանցի միգրանտների ավելի քան 90 տոկոսը հենց Ռուսաստան են մեկնում: 45 հազար ՀՀ քաղաքացի էլ այս պահին այդ երկիր մուտքի արգելք ունի:
Մանրամասները՝ տեսանյութում։