00:00:00

Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն

22:21, 21 նոյեմբեր 2024 Մշակույթ

 

 

Փարիզում մեկնարկեց Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Նոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկեց «Un Week-end à l’Est» ամենամյա մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և անցկացվում է «Երևան» խորագրի ներքո։
 
Շուրջ մեկ շաբաթ շարունակ Փարիզի սրտում գտնվող անվանի սրահներում, որոնց թվում՝ Շատըլեի թատրոն, Օդեոնի թատրոն, Ալիանս ֆրանսեզի թատրոն, Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցի, Գրականության տուն և այլն, կներկայացվի հայկական հարուստ մշակութային համայնապատկերը՝ երաժշտությունից, գրականությունից մինչև թատրոն, կինոյից մինչև պարարվեստ և կերպարվեստ։ Փառատոնի բազմաժանր մշակութային ծրագրի շրջանակներում կանցկացվեն շուրջ երեսուն միջոցառումներ՝ հինգ տասնյակից ավելի հայազգի արտիստների մասնակցությամբ՝ հրավիրված ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից։
 
Փառատոնի մեկնարկի կապակցությամբ Փարիզի Ալիանս ֆրանսեզի թատրոնում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Վերջինս իր խոսքում երախտագիտություն հայտնեց «Un Week-end à l’Est» փառատոնի կազմակերպիչներին՝ հանձին նախագահ Էրիկ Վոյի և գեղարվեստական ղեկավար Բրիժիտ Բուշարի, եզակի հարուստ ծրագրի միջոցով փառատոնի շրջանակներում Հայաստանը և հայկական մշակույթը մեկ շաբաթ շարունակ մեծարելու, հայկական հարուստ երաժշտարվեստը, գրականությունը, կինոն, թատերարվեստն ու կերպարվեստն իր յուրօրինակ գույներով ֆրանսիացի հազարավոր հանդիսատեսին ներկայացնելու, Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հոբելյանները մեծ շուքով տոնելու բացառիկ հնարավորության համար։
 
Համերգային ծրագրի առանցքային միջոցառումներից է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Փարիզի Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցում անցկացվող այս համերգի ընթացքում կհնչեն մեծանուն երգահաններ Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
 
Ծրագրի շրջանակներում առանձին համերգներով հանդես կգան ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի ուղեկցությամբ, քանոնահար Նարեկ Կազազյանը՝ դուդուկահար Արտյոմ Մինասյանի ուղեկցությամբ, ֆրանսահայ դուդուկահար Ռուբեն Կնյազյանը, դուդուկահար և ազգային այլ նվագարանների երաժիշտ Հայկ Կարոյին, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և Yerevan calling ջազ-քառյակը, երգչուհի Արփի Ալտոն։
 
Փառատոնի ընթացքում բացառիկ անդրադարձ կլինի Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Մեծանուն արտիստին նվիրված համերգային երեկո կանցկացվի ֆրանսահայ անվանի դաշնակահար Անդրե Մանուկյանի, ֆրանսիացի թավջութակահար Կամիյ Տոմայի և հայազգի անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի մասնակցությամբ։
 
Հայ կինեմատոգրաֆիան փառատոնին կներկայացվի հարուստ ծրագրով։ Կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» և «Հրեղեն ձիերը» ֆիլմերը, Համո Բեկ-Նազարյանի «Շոր և Շորշոր» ֆիլմը՝ Արտյոմ Մանուկյանի երաժշտության ուղեկցությամբ, ինչպես նաև Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերից։ Ժամանակակից հայկական ֆիլմերից փառատոնին կցուցադրվեն՝ Նոռա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի», Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը», Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին», Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմերը։
 
Փառատոնի՝ թատրոնին նվիրված հատվածում նախատեսվում է ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի գործիչ Միսաք Մանուշյանի հիշատակը ոգեկոչող գրական-երաժշտական երեկո՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի, երաժիշտ և երգիչ Վազգեն Սոլակյանի, ֆրանսիացի մեցցո-սոպրանո Աստրիդ Ֆուրնիե-Լարոքի և դերասան Հովնաթան Ավետիքյանի մասնակցությամբ։ Մեկ այլ թատերական երեկոյի ընթացքում դերասանուհի, բեմադրող և երաժիշտ Տատյանա Սպիվակովան կընթերցի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Զաբել Եսայանի ստեղծագործություններից։
 
Փառատոնի գրականության բաժնում հանդիպում-քննարկումներ են նախատեսվում հայազգի մի շարք գրողների հետ, ինչպիսիք են՝ Հովիկ Աֆյանը, Լուսինե Աբգարյանը, Մարի Բարգուրջյանը, Վիկեն Բերբերյանը, Էլիզ Պողոսյանը, Արան Շըմենը, Սոֆի Ֆոնտանելը, Սուսաննա Հարությունյանը, Կլեր Մուրադյանը, Վահրամ Մուրադյանը, Փընար Սելեքը, Ժան-Շանթ Տեկգյոզյանը և այլն։
 
Փառատոնի շրջանակներում փարիզյան մասնավոր թանգարաններում, այդ թվում՝ Gallérie d’art du Crous de Paris, Libraire galerie Métamorphose, Galerie d’archi Paris-Malaquais, կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայաստանաբնակ արտիստների հեղինակած գործեր։ Նրանց թվում են՝ Վահրամ Աղասյան (լուսանկարչություն), Արևիկ Արևշատյան (քանդակագործություն), Էդիկ Պոսոյան (նկարչություն-քանդակագործություն), Ռուբեն Գրիգորյան (նկարչություն) և այլք։ Պար բաժնում ներկայացումներով հանդես կգա պարուհի Ռիմա Պիպոյանը։
 
Փառատոնի ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://weekendalest.com/?lang=fr

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր