Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից խոստանում է երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում։ Անցնող իրականությունը բոլորիս աչքի առջև է՝ տրամագծորեն հակառակ ամենօրյա իրողություններ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ և ռիսկեր։
Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։
Օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը, առաջնային օրակարգ են դարձել ոչ թե ավելի լավ ապրելու հարցերը, այլ գոյաբանական հարցերը, «հարկ վճարողը հռչակվում է հերոս»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով, «նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն։
Հիմա բերեմ հատկանշական կոնկրետ փաստեր։
Բազմիցս հիմնավորվել է, որ 2022 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ թռիչքաձև տնտեսական աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, ժամանակավոր գործոնների դրական ազդեցության արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց։ Այս պատահական գործոնների դրական ազդեցությունը թուլանում է։ Դրան զուգահեռ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում, նույնիսկ լավագույն սցենարով կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ Ավելին՝ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ և փորձագետներ տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ են կանխատեսում։
Հաջորդը՝ այս տարվա ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերը թերակատարվել են շուրջ 8 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 տոկոս։ Այսինքն՝ իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը, հետևողականորեն վերացնում են հարկային արտոնությունները, որ կարողանան նվազող տնտեսական աճի պայմաններում հարկ «քերթեն» «հերոս» հարկատուներից։
Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են ավելի մեծ չափով՝ շուրջ 13 տոկոսով կամ 290 միլիարդ դրամով։ Իսկ կապիտալ ծախսերը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) թերակատարվել են 30 տոկոսով կամ 124 միլիարդ դրամով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը թերակատարվել են 26 տոկոսով, որի հիմնական պատճառը եղել են ներդրումների և արտահանման, գյուղատնտեսության խթանման ծրագրերի ցածր կատարողականները: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ, առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ, տեղեկատվության և կապի ոլորտում 8,5 տոկոս անկում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 13 տոկոս անկում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության ծրագրերը թերակատարվել են 42 տոկոսով։ Զրոյական կատարողական է արձանագրվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի գծով։ Ավելին՝ նախորդ տարվա համեմատ այս ծախսերը նվազել են 55%-ով կամ շուրջ 10 միլիարդ դրամով:
Կրկնվող փաստ է․ պետական բյուջեի հաստատման ժամանակ խոստացած ծախսերի զգալի մասը չի կատարվել, իսկ հաջորդ տարվա համար անպատասխանատու կերպով նորից խոստանում են էական աճեր։
Ավելին՝ իրենց հիմնական գործառույթներն էապես թերակատարած կամ ձախողած ոլորտների պատասխանատուների պարգևատրումների գումարները ծախսվել են 100 տոկոսով։ Այսինքն՝ ոլորտի պետական ծրագրերը ձախողած նախարարը պարգևատրվել է նախատեսվածի առավելագույն չափով՝ պատասխանատվության կանչվելու փոխարեն։
Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում 21 տոկոսով կամ 33,1 միլիարդ դրամով աճել են ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները)։ Իսկ 2025 թվականին տոկոսավճարները՝ պետական պարտքի աճին զուգահեռ կաճեն շուրջ 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով և կկազմեն ընդհանուր ծախսերի 11 տոկոսը՝ 395 միլիարդ դրամ՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ։
Այս իշխանության օրոք պետական պարտքի սպասարկման համար նախատեսված ծախսի հավելաճով հնարավոր կլիներ առնվազն 60 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Իսկ հաջորդ տարի կենսաթոշակների աճը զրո է։
2025 թվականին՝ այս տարվա համեմատ պետական պարտքը կաճի առաջանցիկ՝ շուրջ 18 տոկոսով կամ 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով` մոտենալով 15 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին, որը շուրջ 2,2 անգամ կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը։ Ի դեպ, 2025 թվականին պետական բյուջեի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որը շուրջ 3 անգամ զիջում է պետական պարտքի աճի տեմպին։
Այսինքն՝ ունենալու ենք մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ։
Այլ հարցեր են պետական ծախսերի արդյունավետությունը, մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը։ Օրինակ՝ ասում են 90 տոկոսով ավելացնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը, բայց չեն ասում, որ այդ ոլորտի 63 տոկոսը կազմող ծախսային հիմնական ուղղությունը՝ ՏՏ ոլորտի կազմակերպություններին աջակցության ծրագիրը չունի ակնկալվող չափելի ոչ մի արդյունք և հնարավոր չի լինելու որևէ կերպ գնահատել։ Կամ կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր «կաթսա», դառնում են անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի։ Դրա վառ օրինակը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսարդյունավետության գործնականում գնահատման անհնարինությունն էր, որն արձանագրեց ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այլ փաստ՝ ակնկալվող չափելի և վերահսկելի ծրագրային բյուջեից սահուն անցնում են ծախսային բյուջեի, որը չունի ո՛չ չափելի արդյունք, ո՛չ էլ հասցեական պատասխանատվության և թափանցիկության ապահովման նվազագույն անհրաժեշտ պայմաններ։
Հաջորդը՝ տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։
Նախ՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում շեշտակի աճում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը։ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՌԴ-ի հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 41 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով։ 2024 թվականին առաջին կեսին ունեցել ենք արտահանման 2 անգամ աճ, իսկ առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության ունեցել ենք արտահանման գրեթե 0-ական աճ։
տեմպին զիջող կենսաթոշակների ու նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացում և այլն) դրա հակառակն իրականություն դարձնելու համար։
Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի, միկրոբիզնեսի և փոքր ու միջին բիզնեսի զարգացման քաղաքականության փոխարեն խթանում են հին ու նորելուկ իրենց «սրտի օլիգարխների» գերշահույթների թռիչքաձև աճը՝ քողարկված կոռուպցիայի համատարած դրսևորումներով։
Եվ սա է իրենց իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում։
Շարունակելի ․․․
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ