00:00:00

Հիշյալ արձանագրությունը կարող է վիճարկվել ․ Գեւորգ Դանիելյան

15:42, 26 մայիս 2018 Իրավական

Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեեցված ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի արձանագրությունն արտաքուստ բխում է օրենսդրությունից և իրավաչափ է, սակայն տվյալ դեպքում անտեսվել են մի իրավական խութեր, որոնց մի մասն անմիջականորեն առնչվում է կիրառված նորմերի սահմանադրականության հետ, իսկ մի մասը դրանց անհիմն մեկնաբանության հետ: Նախ, ինչպես «Տեղական ինքնակառավարման մասին», այնպես էլ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ակնհայտ անհիմն նույնացվել են խիստ տարաբնույթ եզրույթներ՝ «լիազորությունների դադարում» և «լիազորությունների դադարեցում»: Ի դեպ, այս եզրույթների հետևողական տարբերությունն առաջին անգամ հնարվորինս հստակ արտացոլվեց 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ՝ պատգամավորների լիազորությունների դադարման և դադարեցման կտրվածքով, ինչն իր համարժեք արտացոլումն ստացավ «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, սակայն ամբողջովին անտեսվեց տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունում: Որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պատգամավորի կամ ավագանու անդամի լիազորության դադարեցման և դադարման ընթացակարգերն անհարկի նույնացնելը (ընդ որում, որևէ նշանակություն չունի, թե ինչ եղանակով, անգամ՝ օրենսդրական) չի բխում Սահմանադրությունից: Երբ խոսում ենք իրավունքի ուժով, այսպես կոչված, առանց քննարկման և որոշում կայացնելու եղանակով պաշտոնանկ անելու մասին, ապա դա բացառապես վերաբերում է ԴԱԴԱՐՄԱՆԸ: Մինչդեռ՝ բոլորովին այլ ընթացակարգ է նախատեսում ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ. վերջինիս պարագայում իրավասու մարմինը պարտավոր է ոչ թե սոսկ արձանագրություն կազմել և խնդիրը համարել լուծված, այլ քննարկել, քննարկման արդյունքներով համակողմանի գնահատել իրավական հիմքերն ու փաստական հանգամանքները, և նոր միայն որոշում կայացնել: Բոլորովին այլ տրամաբանությամբ է կառուցված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածը: Մասնավորապես, դրա 1-ին մասում հստակ խոսվում է ավագանու անդամի լիազորությունների դադարեցման, այլ ոչ թե դադարման մասին, մինչդեռ՝ արդեն 4-րդ մասով նախատեսված է, որ քաղաքապետը պարզապես կազմում է արձանագրություն և ուղարկում ԿԸՀ: Ընդ որում, բացառություն է սահմանված միայն 1-ին կետի համար, որում խոսվում է ամբողջ ավագանու լիազորությունների դադարման մասին, ինչն ինքնին ոչ թե ավագանու անդամի դադարեցման, այլ դադարման հիմք է և ակնհայտ թյուրիմացության արդյունքում է հայտնվել այդ հոդվածում: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հիշյալ նորմը հակասում է Սահմանադրությանը նաև հետևյալ հիմքով. Սահմանադրության 187-րդ հոդվածը օրենքով կարգավորման առարկան սահմանափակում է բացառապես տեղական ինքնակառավարման առաձնահատկություններով. «Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»: Այսպիսով, նշված օրենքը չպետք է դուրս գար իր կարգավորման առարկայից և հընթացս առնչվեր նաև տեղական ինքնակառավարման մարմինների անդամների լիազորությունների դադարման կամ դադարեցման առանձնահատկություններին: Բնորոշ է այն, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածում ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու փաստի առնչությամբ ոչ թե համայնքի ղեկավարը, ԱՅԼ ԱՎԱԳԱՆԻՆ է կազմում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, թեպետ՝ սա ևս Սահմանադրության հետ աղերսներ ունի: Ինչևէ, բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարն ընտրվում է ոչ թե բնակչության, այլ անմիջապես ավագանու կողմից, չի կարող օժտված լինել ավելի լայն լիազորություններով ավագանու անդամների նկատմամբ: Առավել էական է «անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու» համարժեք մեկնաբանությունը: Իրավունքի նորմի մեկնաբանությունը չի կարող կտրվել բուն իրավունքի նորմի բովանդակությունից և սոսկ տառացի կամայական մեկնաբանության առիթ ծառայել: Քննարկվող դեպքում խոսքը սանկցիա, բացասական իրավական հետևանքներ կիառելու մասին է, ուստի պատահական չէ, որ իրավաչափորեն կիրառվել է «դադարեցում» եզրույթը, ոչ թե՝ «դադարում» իրավունքի ուժով: Իսկ իրավական բացասական հետևանքներ կիրառվում են միայն սուբյեկտիվ կողմի (դիտավորության կամ անզգուշության) որևէ դրսևորմամբ, մինչդեռ՝ քննարկվող դեպքում խոսքը բացառապես օրենսդրական կարգավորումների արդյունքում կարգավիճակ ձեռք բերելու մասին է, որպիսի պարագայում պաշտոնյան պետք է ողջամիտ ընթացակարգով ընտրություն կատարի: Այս դեպքում ինքնին անհամատեղելի պաշտոն ստանձնելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել ավագանու անդամի լիազորությունների դադարեցման, եթե անգամ թեկնածուն ինքն է իրավաչափ քայլեր ձեռնարկել այդպիսի կարգավիճակ ձեռք բերելու համար: Ավելին, որևէ այլ, անհամատեղելի պաշտոն ձեռք բերելուց հետո լիազորությունների դադարեցման համար բարդ և ժամկետ պահանջող ընթացակարգ սահմանելն ինքնին չի կարող հանգեցնել բացասական հետևանքների: Տվյալ դեպքում, քաղաքապետի փաստարկն այն է, որ պատգամավորը դեռ չի դադարեցրել իր լիազորությունները, քանի որ առաջին դիմումը դեռ բավարար չէ լիազորությունները դադարած համարելու համար, սակայն անտեսվում է, որ անգամ խնդրահարույց օրենսդրության պարագայում, այնուամենայնիվ, սահմանված ժամկետում դիմում է ներկայացվել, այսինքն՝ դրսևորվել է կանխատեսելի ու իրավաչափ կամահայտնություն: Դեպքը, իրադարձությունն ինքնին իրավաբանական փաստ չէ անձի նկատմամբ իրավական հետևանքներ կիրառելու համար: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվեինք, կարող էինք, օրինակ քրեական գործ հարուցել օրինական զենք պահելու և կրելու իրավունք ունեցող անձի մահվան պահից նրա այրու նկատմամբ, որ փաստացի տիրապետման տակ է հայտնվում այդ զենքը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգով դիմում ներկայացնելու բուն իմաստը ոչ թե սոսկ փաստը ներկայացնելն է, այլ լիազորությունների դադարեցման նախաձեռնություն դրսևորելը, հակառակ պարագայում, դիմում չներկայացնելը ինքնին դիտարկվում է իբրև տեղեկությունը թաքցնելու և համատեղ պաշտոններ զբաղեցնելու նպատակով պայմանավորված դիմումը ներկայացնելուց խուսափելու դիտավորություն: Քննարկվող դեպքը որևէ առնչություն չունի այդ իրավիճակի հետ, քանի որ դիմումը վերաբերում է ոչ թե փաստի մասին իրազեկելուն (քանզի դրա կարիքն էլ չկար. տվյալ դեպքում խոսքը հանրահայտ իրադարձության, իրավաբանական փաստի մասին է), այլ անհամատեղելի պաշտոն ստանձնելու պարագայում իրավաչափ ընտրության մասին, ինչը սոսկ պետք է ի գիտություն ընդունվեր, սպասեին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգերի ավարտին և միայն դրանից հետո փորձեին գործել վերը նշված օրենսդրական նորմերով, որոնք, ինչպես արդեն նկատեցինք, աղերսներ ունեն Սահմանադրության հետ՝ անգամ ամենաբարվոք մեկնաբանության պարագայում: Հիշյալ արձանագրությունը կարող է վիճարկվել վարչական դատավարության ընթացակարգով, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Տվյալ դեպքում, դիմողը հանդես է գալիս ոչ թե որպես պատգամավոր, այլ ֆիզիկական անձ, քանի որ քաղաքապետի արձանագրության հիմքով նա արդեն կոնկրետ այդ հարաբերությունների շրջանակում չունի հանրային իշխանությամբ օժտված անձի կարգավիճակ: Իրավաչափ է նաև դիմել ԿԸՀ, որպեսզի վերջինս հիշյալ արձանագրությունը բավարար և իրավաչափ հիմք չհամարի և համապատասխան որոշում չկայացնի: Մանրամասներին այս փուլում չանդրադառնամ, հարկ եղած դեպքում կներկայացնեմ: Հարգանքով՝ Գ.Դանիելյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր